Լեգենդար «Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը կհանվի աճուրդի
Bonham's աճուրդի տունը պատրաստվում է Նյու Յորքում աճուրդի հանել հանրահայտ «Կասաբլանկա» ֆիլմի դաշնամուրը, որը, ըստ փորձագետների, կվաճառվի առնվազն 1 մլն դոլարով։ Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, աճուրդը կկայանա նոյեմբերի 24-ին։
1942թ. նկարահանված «Կասաբլանկա» ֆիլմում կա մի դրվագ, որտեղ գլխավոր հերոսուհի Իլզան (Ինգրիդ Բերգման) գիշերային ակումբում խնդրում է Սեմին (Դուլի Ուիլսոն) իր համար նվագել As Time Goes By երգը։ Դրանից հետո ներս է մտնում Իլզայի նախկին սիրեցյալը՝ Ռիկը (Համֆրի Բոգարտը)։
Ընդհանուր առմամբ, աճուրդի շրջանակներում կվաճառվի ֆիլմին առնչվող 30-ից ավելի նմուշ։ Աղբյուրը հավելում է, որ «Կասաբլանկան» նկարահանել է ռեժիսոր Մայքլ Քյորթիսը. այն արժանացել է 3 «Օսկար» մրցանակի ու համարվում է Հոլիվուդի պատմության լավագույն ֆիլմերից մեկը։










