Փաստաթղթային սխալի պատճառով Լատվիա մուտքի արգելքը երգչուհի Վալերիայի վրա չի տարածվում
Փաստաթղթային ձևակերպման սխալի պատճառով Լատվիա մուտքի արգելքը չի տարածվում ռուսաստանցի երգչուհի Վալերիայի վրա: Վերջինս Լատվիայի իշխանությունների «սև ցուցակում» էր հայտնվել իր գործընկերներ Օլեգ Գազմանովի և Իոսիֆ Կոբզոնի հետ՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման համար:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ մուտքն արգելող փաստաթղթում Վալերիայի իսկական անունը սխալ է նշվել: Փաստաթղթում նշված է Ալլա Պերֆիլովա: Իսկ երգչուհու ամուսին ու պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը պնդում է, որ անձնագրով նա Վալերիա Պերֆիլովա է: Եվ ըստ այդմ՝ արգելքը նրա վրա չի կարող տարածվել:
Չնայած դրան` Պրիգոժինը և Վալերիան ձեռնպահ կմնան Լատվիայում անցկացվող «Նոր ալիք» մրցույթին մեկնելուց, որին երգչուհին ավանդաբար հանդես է գալիս ժյուրիի կազմում: Պրոդյուսերը բացատրել է, որ իրենք կսպասեն խնդրի վերջնական լուծմանը և զերծ կմնան նվաստացումներից, որ կարող են տեղի ունենալ սահմանին:
Այս տարի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների 13-րդ երգի միջազգային մրցույթը կկայանա Յուրմալայի «Ձինտարի» համերգասրահում հուլիսի 22-27-ը։










