«Նոր ալիք» մրցույթում Հայաստանը ներկայացնող Սոնա Ռուբենյանը հանդես կգա 10-րդ համարի ներքո
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող երգչուհի Սոնա Ռուբենյանը մրցութային առաջին օրը՝ հուլիսի 23-ին, հանդես կգա 10-րդ համարի ներքո: Այս մասին հայտնի դարձավ «Նոր ալիք» մրցույթին ընդառաջ՝ հուլիսի 22-ի երեկոյան անցկացված բացման համերգ-երեկոյի ընթացքում տեղի ունեցած վիճակահանության ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ձինտարի» համերգասրահում անցկացված երեկոն վարեցին Լերա Կուդրյավցևան, Սերգեյ Լազարևը, Լիպան, Ալեքսանդր Ռևան, Աննա Սեմենովիչը, Ստաս Կոստյուշկինը, որոնք իրենց հումորներով զվարճալի պահեր պարգևեցին հանդիսատեսին:Ելույթ ունեցան ռուսական շոուբիզնեսի հայտնի աստղերը, այդ թվում՝ նաև երեկոյի հատուկ հյուր, շվեդացի հայտնի երգիչ Ուլան: Հայ հանդիսատես հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում:
Համերգային երեկոյի մեկնարկին մրցույթի ստեղծման գաղափարի հեղինակներից կոմպոզիտոր Իգոր Կրուտոյը, ողջունելով ներկաներին, ուրախությամբ նշել է, որ արդեն 13-րդ անգամ մեկնարկում է «Նոր ալիք» մրցույթը:
«Մինչ երեկ բոլոր երաժիշտները և մարդիկ համոզված էին, որ երաժշտությունը սահմաններ չունի, սակայն Լատվիայի արտաքին գործերի նախարարի ջանքերի «շնորհիվ» նմանատիպ սահմաններ հայտնվեցին: Դրա հետևանքով մեր երեք գործընկերները՝ ՌԴ երեք ժողովրդական արտիստներ Վալերիան, Իոսիֆ Կոբզոնը և Օլեգ Գազմանովը չկարողացան Լատվիա գալ և ավտոմատ կերպով մասնակցել մրցույթին»,– ասել է Իգոր Կրուտոյը:
«Սա մեզ համար շատ ցավալի է, որովհետև բոլոր արտիստները պատրաստում էին հատուկ բացառիկ համարներ: Մանավանդ, երբ մենք Ռայմոնդ Պաուլսի հետ այս նախագիծը սկսելիս պայմանավորվեցինք, որ այն ոչ թե քաղաքական, այլ երաժշտական մրցույթ է: Մեր առաջին արձագանքն էր չեղյալ համարել մրցույթը, սակայն ի՞նչ իրավունք ունենք, երբ մարդիկ ամբողջ տարի սպասում են այս նախագծին: Իհարկե, մենք իրավունք չունեինք»,-նշել է նա անդրադառնալով Լատվիայի իշխանությունների կողմից «Նոր ալիք»-ի ժյուրիի անդամներ և հյուրեր Վալերիայի, Իոսիֆ Կոբզոնի և Օլեգ Գազմանովի մուտքն արգելելու փաստին և ներողություն խնդրելով երեք արտիստներից այս փաստի պատճառով:










