Թե ինչպես ճիշտ արևայրուք ընդունել. մասնագետի խորհուրդները ծովային հանգիստ նախընտրողներին
«Ավանտա» բժշկական կենտրոնի բժիշկ, մաշկաբան Գրետա Դավթյանը Tert.am-ի հետ զրույցում մի քանի մասնագիտական խորհուրդներ տվեց ամռանը ծովային հանգիստ նախընտրողներին՝ մաշկային խնդիրներից խուսափելու և ճիշտ արևայրուք ընդունելու համար:
Նա ասաց, որ հիմնականում պետք է օգտագործել արևապաշտպան միջոցներ: Եթե մաշկի վրա պիգմենտների, պեպենների առաջացման հակում կա, ապա պետք է բարձր ազդեցության քսուկներ օգտագործել:
Թե ինչ անել գեղեցիկ և ոչ վտանգավոր արևայրուք ստանալու համար, մասնագետն ասաց. «Դրա համար պետք է պահպանել բոլոր կանոնները. եթե ճիշտ ընդունեն արևայրուքը, խնդիրներ չեն ունենա: Օրինակ՝ արևապաշտպան քսուկը պետք է քսել լողափ դուրս գալուց 10-15 րոպե առաջ՝ 2-4 ճաշի գդալ չափաբաժնով, մազերը և աչքերը պետք է ծածկել, իսկ բաց մաշկ ունենալու դեպքում ավելի զգույշ պետք է լինել, քանի որ եթե մաշը սպիտակ է, պիգմենտների, խալերի հավանականությունը մեծ է: Իսկ նրանք, ովքեր ավելի թխամաշկ են, կարող են հանգիստ արևայրուք ընդունել: Հիմնականում բաց մաշկի դեպքում արևայրուքը հոմոգեն չի ստացվում»:
Մաշկաբանը նաև նշեց, որ արևից այրվածքներ հիմնականում լինում են բաց մաշկի դեպքում, և նման մաշկ ունեցող մարդիկ պետք է իմանան, որ արևի տակ մնալուց հետո պետք է օգտագործեն սնուցող և մաշկը հանգստացնող, հակաայրվածքային կրեմներ, և, ընդհանրապես, արևայրուք ընդունելուց հետո խորհուրդ է տրվում սառը ցնցուղ ընդունել, որպեսզի օրգանիզմը գերտաքացումից դուրս գա:
Գրետա Դավթյանը խորհուրդ տվեց նաև արևայրուք ընդունելու համար զերծ մնալ տարատեսակ յուղերից. «Դրանք օգտագործելը շատ սխալ է, դրանք կարելի է քսել արևայրուք ընդունելուց հետո՝ որպես սնուցող, մաշկը խոնավեցնող միջոց, այլապես առաջանում են այրվածքներ, պիգմենտներ»:
Մաշկաբանն ասաց, որ արևայրուքից հետո մաշկի վերին շերտի կլպվելուց ահնար է խուսափել, քանի որ դա բնական գործընթաց է, մաշկի վերին շերտը մահանում է, և նոր բջիջներ են առաջանում:
Ամառվա ընթացքում արևից ալերգիկ խնդիրներ ունեցող մարդկանց հակացուցված է արևայրուք ընդունել, իսկ լողափ գնալիս պետք է մաշկը արևից պաշտպանել սպիտակ քաթոնե հագուստով, որպեսզի մաշկն ամբողջությամբ ծածկվի, քանի որ անխուսափելի է սրացումը:
Ըստ մասնագետի՝ երեխաներին ցուցված են արևային լոգանքները, արևից մաշկում արտադրվում է վիտամին D, որը մեծ նշանակություն ունի ոսկրային համակարգի կազմավորման համար, բայց դա չպետք է տևի ժամեր, օրական գոնե 5-10 րոպե պետք է երեխաներն արևային լոգանք ընդունեն:
Ծովային հանգիստ նախընտրողներին մաշկաբանը խորհուրդ տվեց զգուշանալ ժամը 11-ից մինչև 17-ը արևի տակ մնալուց, քանի որ այդ ժամերին արևի ճառագայթներն ուղիղ են ընկնում երկրի մակերեսի վրա և կարող են շատ վատ ազդեցություն թողնել օրգանիզմի վրա: Այդ ժամերին հակացուցված է արևայրուք ընդունել: Պետք է ուտել բանջարեղեն, մրգեր, զերծ մնալ ճարպային կերակուրներից:










