Հայաստանի և ԵՄ-ի միջև մուտքի արտոնագրային ռեժիմի վերացումը համարում եմ բնականոն գործընթաց. Կարեն Բեքարյան
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ հուլիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության արտգործնախարարների հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, թե Հայաստանը ցանկանում է մեկնարկել մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման մասին երկխոսությունը` հիմնվելով մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի հաջողված փորձի վրա, նշեց, որ այդ հայտարարության մեջ արտառոց ոչինչ չի տեսնում:
«Ես համարում եմ, որ բնականոն, նորմալ գործընթաց է, որ արտոնագրային ռեժիմը գնալով թուլացվի և վերացվի: Դա ժամանակի, բանակցման, նորմալ ընթացակարգեր անցնելու խնդիր է»,-ասաց նա:
Հարցին՝ չե՞ք կարծում, որ դա կնպաստի արտագաղթի աճին, նա պատասխանեց.«Ես ընդհանրապես չեմ կարծում, որ մեր երկրում արտագաղթին նպաստող հանգամանքների շարքում դա առաջնարհերթ տեղ է զբաղեցնում»:
Կարեն Բեքարյանը նշեց, որ Հայաստանը մշտապես ասել է, որ ցանկություն ունի հնարավորինս խորը և բազմակողմանի հարաբերություններ զարգացնել Եվրոպայի հետ:










