Մանկական բեսթսելեր. «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքը կրկին ամենապահանջվածն է
«Արմենպրես» լրատվական գործակալության «Մանկական բեսթսելեր» հեղինակային նախագծի այս շաբաթվա առաջատարը «Բուկինիստ» հրատարակչության «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» գիրքն է:
Ինչպես ժամանակակից մուլտֆիլմերի հիմք դարձած այլ հեքիաթներ, այնպես էլ «Մաշան ու արջը. թռչող ցախավելը» շատ կարճ ժամանակում գրավել է փոքրիկներին: Մանկական գիրքը պատմում է Մաշայի արկածների և կախարդական ցախավելի մասին: Այնտեղ ներկայացվում է, թե ինչպես ավելը կարելի է օգտագործել ոչ միայն տուն մաքրելու, այլև տեղաշարժվելու համար:
«ՎէՄ» հրատարակչության «Իմ առաջին գիրքը»խորագիրը կրող հանրագիտարանները երկրորդ հորիզոնականում են: Շարքի տարբեր հատորները երեխաներին ծանոթացնում են ընտանի ու վայրի կենդանիների, թվերի ու տառերի, մրգերի ու բանջարեղենների, մարդու մարմնի մասերի և այլ պատկերների հետ:
Մատենաշարն արդեն մի քանի շաբաթ պարբերաբար ընդգրկվում է վարկանիշային աղյուսակում: Հրատարակության նպատակներից է նաև նպաստել հայոց լեզվի մաքրության վերականգնմանը և լայն շրջանառության մեջ դնել առօրյայում գործածվող բազմաթիվ բառերի հայերեն համարժեքները: Հայերեն լույս է տեսել «Իմ առաջին գիրքը» մատենաշարի 10 անուն գիրք:
Բոլոր ժամանակների ամենապահանջված հեղինակներից մեկի`Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն երրորդ հորիզոնականում է: Թումանյանի գործերը պահանջված են բոլոր սերունդների կողմից, և դրանք հաճույքով են ընթերցում նաև մեծահասակները: Հեքիաթների հիմքում ընկած են ժողովրդական թեմաներն ու պատումները:
Չորրորդ հորիզոնականում Հանս Քրիստիան Անդերսենի «Հեքիաթներ»-ն է: Անդերսենյան հեքիաթները քաջ հայտնի են բոլոր փոքրիկներին ոչ միայն գրքերից, այլ նաև մուլտֆիլմերից ու լիամետրաժ խաղարկային ֆիլմերից:
«Զանգակ» հրատարակչությունն այս տարի հրատարակել է Ջեյմս Մեթյու Բարրիի «Փիթր Փենը Քենսինգթոնի այգիներում» վիպակը, որը տեղ է գտել վարկանիշային աղյուսակում: Ջ.Մ. Բարրին մանկական գրականության ամենակատարյալ և հուզիչ կերպարներից մեկի` Փիթր Փենի գրական կնքահայրն է: Անմայր ու տնանկ տղայի կյանքը հեղինակը վերածում է հրաշապատում զրույցի` փոքրիկ ընթերցողի համար հմտորեն հյուսելով երազային ու լուսավոր մի պատմություն, որ գրվել է վաղուց` ուրախ ու տխուր տարիներ առաջ, մեզանի ց հեռու մի աշխարհում:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության վերջերս լույս ընծայած «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն վեցերորդ հորիզոնականում է: Ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային քառասուն ընտիր հեքիաթներ, որոնցից շատերն առաջին անգամ են թարգմանվել հայերեն:
Գիրքը նախատեսված է թե՛ փոքրերի, թե՛մեծերի համար։ Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը:
Ղազարոս Աղայանի «Հեքիաթներ» ժողովածուն այս շաբաթ յոթերորդ հորիզոնականում է: Դասականի հեքիաթները ևս թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով և սիրված գործեր դարձել շատ երկրներում:
Համաշխարհային համբավ ունեցող գերմանացի հեքիաթագիրներ Գրիմ Եղբայրների «Հեքիաթներ»-ն այս շաբաթ ութերորդ հորիզոնականում է: Նրանց հեքիաթներից շատերն էկրանավորվել են: Գրիմ Եղբայրների գործերում պատժվում են ծուլությունն ու անբանությունը, խրախուսվում աշխատասիրությունն ու ջանասիրությունը: Դրանց մեծ մասը գրված է իրական պատմությունների հիման վրա:
Իններորդ հորիզոնականում անգլիացի գրող, մաթեմատիկոս և փիլիսոփա Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» դասական մանկական վեպն է: Այն առաջին անգամ տպագրվել է 1865թ. հուլիսի 4-ին՝ Լիդել քույրերին՝ Ինային, Ալիսին և Էդիթին պատմելուց երեք տարի անց՝ Ալիսի խնդրանքով:
Լուիս Քերոլը` ամաչկոտ ու կակազող մաթեմատիկոսը Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինել է պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում և ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են ճշգրիտ և հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր յուրովի են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածն ու խոսքը:
«Մանկական բեսթսելեր»-ն այս շաբաթ եզրափակում է «Էդիթ Պրինտ»-ի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ և մուլտֆիլմերի տեսասկավառակ» ժողովածուն:Այն նկարազարդ է, ուրախ և գունեղ կերպարներով: Հ. Թումանյանի վերահրատարակված հեքիաթների ժողովածուն ունի մեկ հետաքրքրական նորույթ` փոքրիկ ու գեղեցիկ գրպանիկում տեղադրված է յուրաքանչյուր հեքիաթի հիման վրա նկարահանված մուլտֆիլմը ներառող տեսասկավառակ:
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Նոր գիրք», «Նոյյան տապան», «Հայ գիրք», «Էդիթ Պրինտ», «Բյուրոկրատ», «Բուկինիստ», «Հակոբ-1», «Արտ Բրիջ» և «Զանգակ» գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:










