Բլումբերգը մեկնում է Իսրայել՝ ի նշան այդ երկիր թռիչքների արգելքի դեմ բողոքի
Ծագումով հրեա Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը մեկնում է Իսրայել՝ ի նշան ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության կողմից այդ երկիր կատարվող թռիչքների արգելքի դեմ բողոքի, գրում է gazeta.ru-ն:
«Այսօր երեկոյան ես մեկնում եմ Թել Ավիվ El Al չվերթով՝ ցույց տալու Իսրայել և Իսրայելից կատարվող թռիչքների անվտանգությունը»,- գրել է Բլումբերգը Twitter-ում:
Բլումբերգի կարծիքով՝ Իսրայել թռիչքների դադարեցման մասին որոշումն «անարժան հաղթանակ է շնորհում ՀԱՄԱՍ-ին»: Ինչպես նշել է Նյու Յորքի նախկին քաղաքապետն իր հայտարարության մեջ, «Բեն-Գուրիոնն» «աշխարհում ամենապաշտպանված օդանավակայանն է»:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ EasyJet ավիափոխադրողը որոշում է կայացրել դադարեցնել Թել Ավիվ չվերթները 24 ժամով՝ անվտանգության նկատառումներով: Իսրայել իր ինքնաթիռների թռիչքների դադարեցման մասին նաև հայտարարել են մի շարք ամերիկյան, գերմանական, ֆրանսիական, ավստրիական և շվեյցարական ընկերություններ:










