Գազայի հատվածում տեղի ունեցողը կարելի է որպես պատերազմական հանցագործություն գնահատել. ՄԱԿ-ի հանձնակատար (լուսանկարներ)
Մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավանետհեմ Պիլեյը Գազայի հատվածում ծավալվող զինված կոնֆլիկտի բոլոր կողմերին կոչ է արել հստակ տարբերակել քաղաքացիական անձանց և ռազմական գործողությունների մասնակիցներին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
«Քաղաքացիական անձանց, ներառյալ՝ երեխաների կյանքի իրավունքի հարգանքին պետք է հատկացվի հիմնական ուշադրությունը: Այդ սկզբունքները խախտելը կարող է գնահատվել որպես պատերազմական գործողություն և մարդկության դեմ հանցագործություն»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը՝ բացելով մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի խորհրդի հատուկ նստաշրջանը, որը նվիրված է օկուպացված պաղեստինյան տարածքներում, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում տիրող իրավիճակին:
Պիլեյի խոսքով՝ Իսրայելի պաշտպանության բանակի կողմից հուլիսի 8-ին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ գործողություն սկսելուց ի վեր սպանվել է 600-ից ավելի պաղեստինցի, այդ թվում՝ 147 երեխա և 74 կին: Նա ուշադրություն է դարձրել այն փաստին, որ սպանվածների 74 տոկոսը քաղաքացիական անձինք են:










