Նախարարների մեծ մասը չի պատրաստվում ամառային հանգստի գնալ. հարցում

22:23 • 23.07.14

Շոգն արդեն ամբողջ թափով նեղում է Հայաստանի բնակիչներին, և շատերն արդեն անցկացրել են իրենց ամառային հանգիստը, ոմանք էլ պլանավորում են՝ ինչպես անցկացնել: Իսկ Հայաստանի Կառավարության անդամները կարծես թե մտադիր չեն հանգստի մեկնել, քանի որ Tert.am-ի հարցմանը, թե որտեղ են պատրաստվում անցկացնել իրենց հանգիստը նախարարները, նախարարություններից պատասխանեցին, թե նրանք արձակուրդ չեն գնալու:



«Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դեռևս աշխատում է, և արձակուրդի վերաբերյալ որևէ բան նախատեսված չէ»,-այսպիսի պատասխան ստացանք մշակույթի նախարարության լրատվական ծառայությունից:


Բնապահպանության նախարարությունից պատասխանեցին, թե նախարար Արամայիս Գրիգորյանն արձակուրդ չի գնալու:


«Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ամառվա ընթացքում արձակուրդ չի գնալու, մնալու է քաղաքում և սովորական աշխատանքային ռեժիմով աշխատելու է»,-հաղորդեցին նախարարությունից:


Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի մամուլի քարտուղար Անահիտ Եսայանն ասաց, որ նախարարն արձակուրդ չի վերցնելու:


ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն արդեն արձակուրդում է, բայց թե որտեղ է հանգստանում՝ մամուլի ծառայության ղեկավարը չգիտի, չի հարցրել:


Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն արձակուրդ չի գնում:


Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շատ քիչ է հանգստանում՝ 2-3 տարին մեկ, մի քանի օրով ընդամենը, առավելագույնը՝ մեկ շաբաթով: Նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաղորդեց, որ նախարարը հիմնականում ընտանիքի հետ է հանգստանում՝ Հայաստանում: Իսկ այս տարի Սեյրան Օհանյանը կմեկնի հանգստի, թե՝ ոչ, դեռ որոշված չէ:


Ինչ վերաբերում է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ապա նա նախատեսում է իր արձակուրդի մի մասն օգտագործել օգոստոս ամսին: Թե ուր է գնալու տիկին նախարարը, դա էլ ըստ նախարարի մամուլի քարտուղարի՝ նախարարի անձնական գործն է և չի հրապարակվում: