Ֆրանսիան մեղադրել է Բրիտանիային ռուս օլիգարխներին թաքցնելու համար
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի քննադատությանը, ով դատապարտել էր Մոսկվայի հետ Փարիզի գործարքը «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի մատակարարման վերաբերյալ, և հայտարարել, որ Լոնդոնը երբեք նման պայմանագիր չէր կնքի, հաղորդում է Deutsche Welle-ը:
Ֆաբիուսի խոսքով՝ բրիտանացիները մեծ ոգևորությամբ հայտարարում են, որ երբեք նման բան չէին անի: «Բայց ես առաջարկել եմ իմ թանկարժեք բրիտանացի ընկերներին՝ եկեք խոսենք ֆինանսական ոլորտի մասին»,- հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարը TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Դիվանագետը նշել է, որ Լոնդոնում ապրում են մի քանի տասնյակ ռուս օլիգարխներ, և խորհուրդ է տվել Բրիտանիային առաջին հերթին պարզել իր հարաբերությունները Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ բազմամիլիարդանոց գործարքի խիստ քննադատությամբ է հանդես եկել նաև ԱՄՆ-ն։










