Մյունխենի օդանավակայանը ճանաչվել է ամենալավ տրանզիտային օդանավակայանն աշխարհում (լուսանկարներ)
Մյունխենի օդանավակայանը ճանաչվել է ամենալավ տրանզիտային օդանավակայաններից մեկն աշխարհում:
Ինչպես հայտնում է Euromag-ը` սա հաստատվել է բրիտանական հեղինակավոր խորհրդատվական Skytrax ընկերության կատարած անկախ հետազոտության արդյունքներով, որոնց համաձայն ամեն տարի շնորհվում է World Airport Award-ի մրցանակը:
Ավիաուղևորների շրջանում անցկացված հարցումների արդյունքում պարզվել է, որ Մյունխենի օդանավակայանի 2-րդ տերմինալը, որը ամբողջությամբ գտնվում է Lufthansa ավիաընկերության տրամադրության տակ, հայտնվել է աշխարհի լավագույն օդանավակայանների վեցնյակում` «Լավագույն օդանավակայանը տրանզիտային ուղևորների համար» անվանակարգում:
Բացի այդ, Մյունխենի օդանավակայանը հայտնի է իր ճշտապահությամբ: 2014-ի առաջին եռամսյակում Եվրոպական ավիափոխադրողների ասոցիացիայի գնահատականներով` այն ճանաչվել է լավագույնը Եվրոպայում` ճշտապահության համար ստանալով ամենաբարձր միավորները:
Skytrax-ի տվյալներով` Lufthansa-ն ճանաչվել է Արևմտյան Եվրոպայի լավագույն ավիաընկերությունը, ինչպես նաև՝ լավագույն տրանսատլանտյան ավիաընկերությունը:

















