Ուկրաինայի «սև ցուցակում» են հայտնվել Սերգեյ Սոբյանինը, Կոնստանտին Էռնստը և այլ ռուսաստանցիներ

18:09 • 23.07.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի օգնական Անտոն Գերաշչենկոն հրապարակել է Ռուսաստանի մի շարք քաղաքացիների նկատմամբ սահմանված պատժամիջոցների ցանկում ներառված ռուսական առաջատար հեռուստաալիքների սեփականատերերի ու մենեջերների անունները։ 

 

Ինչպես նշում է Газета-ն, պատժամիջոցների ցանկում են հայտնվել Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, ով ТВЦ հեռուստաալիքի տնօրենների խորհրդի նախագահն է, «Առաջին ալիքի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, Համառուսաստանյան պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Դոբրոդեևը, ТНТ, НТВ, РЕН-ТВ, Life News և Россия сегодня հեռուստաալիքների ղեկավարները։

 

«Ներքին գործերի նախարարությունը քաղաքակիրթ աշխարհից պահանջում է արգելել բոլոր նրանց մուտքը Եվրոպական միություն, ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա..., ովքեր այժմ օգնում են Շոյգուին (ՌԴ պաշտպանության նախարարը- Tert.am) ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետություններում պատերազմը շարունակելու համար նոր վարձկաններ հավաքագրելու հարցում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Գերաշչենկոն։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հանձնարարել է պատրաստել ՌԴ այն քաղաքացիների և ընկերությունների «սև ցուցակները», որոնք, Կիևի պնդմամբ, պաշտպանում են երկրի արևելքում ապստամբներին: