Պոլիտեխնիկում այս տարի շուրջ 20 տոկոսով պակաս է եղել ընդունելությունը. Հովհաննես Թոքմաջյան

19:04 • 23.07.14

Այս տարի Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում շուրջ 20 տոկոսով պակաս է եղել ընդունելությունը: ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը կարծում է, որ դրա պատճառներից մեկը ինժեներական կրթության ոչ գրավիչ լինելն է, և այդ ուղղությամբ աշխատանքներ պետք է իրականացվեն:
«Մենք պետք է արդյունավետ քայլեր ձեռնարկենք համալսարանի կոմպլեկտավորումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:

 


Հարցին՝ գուցե դիմորդների թվի նվազումը ուսման վարձի բարձրացման հետևա՞նք է, Հովհաննես Թոքմաջյանը պատասխանեց. «Պոլիտեխնիկի վարձերն առանձնապես բարձր չեն՝ համեմատած այլ համալսարանների հետ: Ուսման վարձը վերջին անգամ մեկ տարի առաջ է բարձրացվել, սակայն դրանից հետո էլ ՀՊՃՀ-ն դեռևս մնում է հանրապետությունում միջին վարձավճար ունեցող բուհերից մեկը: Ես խորին համոզմունք ունեմ, որ վարձավճարների բարձրացում- իջեցումը էապես չի ազդում դիմորդների թվաքանակի վրա: Կան մասնագիտություններ, որտեղ դիմորդների պակաս երբեք չի եղել և չկա, մասնավորապես՝ ՏՏ ոլորտը, թեև տարբեր բուհերում լուրջ մրցակիցներ ունենք»:

 

Հովհաննես Թոքմաջյանը նկատեց, որ մեզ մոտ ատոմակայանում և այլ կարևոր նշանակության օբյեկտներում այսօր աշխատելն առանձնապես գրավիչ չէ, աշխատավարձը բարձր չէ, վտանգավոր է, այնինչ լավ ինժեներական գիտելիքներ ունեցող մասնագետներ են անհրաժեշտ այդ տեղերում աշխատելու համար:
Հարցին՝ դա պետության խնդիրը չէ՞, նա պատասխանեց.«Ընդհանուր հասարակության մեջ մթնոլորտ պետք է ստեղծվի ինժեների, ուսուցչի և այդպիսի կարևոր մասնագիտությունների վարկը բարձրացնելու համար: Սա ընդհանուր խնդիր է՝ և՛ պետության, և՛ հասարակության, և՛ բուհի, և՛ դպրոցի: Ինժեներական կրթության համար մենք պետք է սկսենք կադրեր պատրաստել շատ ավելի վաղ, քան ավագ դպրոցն է»:

 

Ինչ վերաբերում է ՀՊՃՀ-ի և Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտի միացմանը, Հովհաննես Թոքմաջյանն ասաց.«Ես այդ մասին չեմ կարող խոսել, որովհետև դա պետության խնդիրն է, երկուսն էլ պետական բուհ են: Ինչպես կորոշեն, այնպես էլ կլինի: Սակայն համագործակցության մակարդակն, ամեն դեպքում, անհրաժեշտ է բարձրացնել: Այստեղ լուրջ խնդիրներ կան լուծելու՝ կապված ինժեներական կրթության որակի բարձրացման հետ, և բուհերի գործն է, որ կրթության որակը բարձրացվի համահունչ»: