Նիդեռլանդները հուլիսի 23-ը սգո օր են հայտարարել՝ ի հիշատակ կործանված Boeing 777-ի զոհերի
Նիդեռլանդների Թագավորությունը հուլիսի 23-ը սգո օր է հայտարարել՝ ի հիշատակ մալայզիական ավիաուղիների Boeing-777-ի զոհերի, հայտարարել է երկրի վարչպետ Մարկ Ռուտեն, գրում է korrespondent.net-ը:
Այսօր ողջ երկրով մեկ կիջեցվեն կառավարական շենքերի դրոշները, իսկ Նիդեռլանդներում մահացածների առաջին մարմինները տեղափոխող առաջին ինքնաթիռի վայրէջքից հինգ րոպե առաջ կղողանջեն եկեղեցական զանգերը:
Առաջին ինքնաթիռը կժամանի Էյնդհովեն՝ տեղական ժամանակով 16:00-ին: Արարողությանը կմասնակցեն Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրը, թագուհի Մաքսիման, վարչապետ Մարկ Ռուտեն և փոխվարչապետ Լյուդվիգ Աշերը:
Gazeta.ru-ի հաղորդմամբ՝ ավիավթարի զոհերի մարմիններով ինքնաթիռն արդեն Խարկովից մեկնել է Նիդեռլանդներ: Էյնդհովենում ինքնաթիռի վայրէջքից հետո զոհերի մարմինները կտեղափոխվեն Հիլվերսում քաղաքի ռազմաբազա:
Երեկվանից Ուկրաինայում Նիդեռլանդների դեսպանատան մուտքի մոտ կիևցիները ծաղիկներ են բերում: Մարդիկ ցավակցում են Տորեզի մոտ կործանված օդանավի մահացած ուղևորների բարեկամներին:
Ավիավթարի զոհերի թվում են Նիդեռլանդների 154, Ավստրալիայի 27, Մալայզիայի, ԱՄՆ-ի 23 քաղաքացի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի 6 քաղաքացի, Ինդոնեզիայի 11 քաղաքացի, Գերմանիայի 4, Ֆիլիպինների 3, Բելգիայի 4, Կանադայի 1 քաղաքացի: Մնացած 47 մահացածների քաղաքացիությունը պարզվում է:
Взгляд-ի հաղորդմամբ՝ մալայզիական Boeing-ի «սև արկղերն» արդեն տեղափոխվել են Մեծ Բրիտանիա՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հսկողության ներքո։










