Հայաստանը կօգնի Ուկրաինայից հնարավոր հայ փախստականներին. սցենարը գրեթե կլինի այնպես, ինչպես սիրիահայերի պարագայում

15:00 • 23.07.14

Սփյուռքի նախարարությունը քննարկել է Ուկրաինայի արևելյան շրջաններից ազգությամբ հայ փախստականներ ունենալու դեպքում հնարավոր սցենարները և ամրագրել դիրքորոշում, որ գրեթե այն աջակցությունը պետք է ցուցաբերվի, ինչ արվեց սիրիահայերի պարագայում:


Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը:


«Եթե երեխաներին դպրոցում տեղավորելու խնդիր կա, այդ խնդիրն ենք ուզում կարգավորել … տարբեր ընտանիքներ տարբեր խնդիրներ ունեն, նաև աշխատանքի տեղավորման խնդիր... Իհարկե, դա ժամանակ է պահանջում, բայց ժամանակի մեջ, ինչ հնարավոր է, ինչպես սիրիահայերի պարագայում փորձեցինք լուծումներ գտնել, նմանատիպ լուծումներ կլինեն: Բայց նախ ասեմ, որ հոսքը մեծ չէ, և երկրորդ՝ մենք չպետք է Ուկրաինան դիտարկենք որպես Սիրիա, որովհետև իրավիճակները բավականին տարբեր են, և ուկրաինահայերը ոնց որ ավելի շատ տեղ ունեն գնալու՝ միայն Հայաստանը չէ: Ի տարբերություն սիրիահայերի, ովքեր սահմանափակ՝ Լիբանան, Հորդանան և Հայաստան էին մեկնում»,- ասաց Ֆիրդուս Զաքարյանը:


Նա ավելացրեց, որ Ուկրաինայում բնակվող 8 հայ ընտանիք արդեն իսկ իրենց դիմել են՝ տարբեր հարցերի հետ կապված, և դրանց կամ լուծում է տրվել, կամ ընդգրկվել են այն հարցերի ցանկում, որոնց առաջիկայում լուծում կտրվի:


«Դրանք տարբեր հարցեր են, նայած մարդն այնտեղ ինչ է թողել եկել՝ տունը, գույքը վնասվել է, այստեղ եթե իրենք կարողանում են լուծել բնակարանի խնդիրը, մենք վարձի խնդիրն ենք լուծում»,- ամփոփեց Ֆիրդուս Զաքարյանը: