ԱՄՆ հետախուզությունն ապացույցներ չի գտել Boeing-ի կործանմանը Ռուսաստանի անմիջական մասնակցության մասին

10:30 • 23.07.14

ԱՄՆ-ի հետախուզության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք ապացույցներ չունեն Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման մեջ Ռուսաստանի կառավարության անմիջական ներգրավվածության մասին, հաղորդում է Associated Press-ը:

 

Պաշտոնյաները նշել են, որ ուղևորատար ինքնաթիռը հավանաբար հրթիռակոծվել է «երկիր-օդ» տիպի SA-11 հրթիռով Արևելյան Ուկրաինայում ռուսների կողմից աջակցություն վայելող անջատողականների կողմից, իսկ Ռուսաստանը «պայմաններ է ստեղծել» կործանման համար՝ զինելով անջատողականներին:

 

Պաշտոնյաները երեքշաբթի հանդիպել են լրագրողներին այն պայմանով, որ նրանց անունները չեն նշվի անցած շաբաթ 298 մարդու մահվան պատճառ դարձած աղետի վերաբերյալ հետախուզական տվյալների հաղորդման ժամանակ:

 

ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների խոսքերով՝ նրանք չգիտեն, թե արդյոք ռուսներ եղել են հրթիռակոծմանը մասնակցած անձանց թվում, և արդյոք այդ անձնակազմը պատրաստված է եղել Ռուսաստանում:

 

Բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ ամենահավանական բացատրությունն այն է, որ օդանավը կործանել են սխալմամբ: