Վրաց Ուղղափառ եկեղեցին և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը դատապարտում են Թբիլիսիի հայկական եկեղեցու մոտ տեղի ունեցածը

13:03 • 23.07.14

Հուլիսի 22-ին Վրաց Ուղղափառ Սուրբ եկեղեցու պատրիարքարանում կայացել է հանդիպում Վրաց եկեղեցու պատրիարքարանի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի ղեկավար և Զուգդիդի և Ցաիշի միտրոպոլիտ Գերասիմի և Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի միջև, որին մասնակցել են պատրիարքարանի մամլո խոսնակ Միքայել Բոտկովելին և Վիրահայոց թեմի սոցիալական ծառայության ղեկավար Միքայել Ավագյանը: Այս մասին տեղեկացնում է Վիրահայոց թեմի տեղեկատվական համակարգը։


Կողմերը քննարկել են հուլիսի 19-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտ տեղի ունեցած միջադեպը և անթույլատրելի համարել Վրաստանում ազգամիջյան կամ կրոնական խտրականության դրսևորումները՝ ընդգծելով, որ Վրաստանը դարերով եղել է բազմազգ և բազմակրոն երկիր, որտեղ ժողովուրդները ապրել և ստեղծագործել են միասին:


Հանդիպման մասնակիցները կարևորել են հայ և վրաց միջեկեղեցական հարաբերությունները և դարերով ձևավորված բարեկամությունը:


Անդրադառնալով միջադեպին, Վիրահայոց թեմի առաջնորդն ընդգծել է, որ եկեղեցու մոտ տեղի ունեցածում, թեև կան կենցաղային և խուլիգանական դրսևորումներ, բայց, ցավոք, առկա է նաև ազգային անհանդուրժողականության արտահայտություն, ինչը անթույլատրելի է մեր հասարակությունում:


Թեմի առաջնորդը դիմել է միտրոպոլիտ Գերասիմին, որ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա Երկրորդի օրհնությամբ, վրաց եկեղեցու համայնքներում առավել մեծ տեղ հատկացվի հանդուրժողականության և քրիստոնեական սիրո քարոզչությանը:


Հանդիպման ավարտին երկուստեք արժևորելով հայ և վրաց ժողովուրդների հազարամյակներով կողք-կողքի ապրելու պատմությունը և ավանդությունները, հորդորել են ժողովրդին՝ ապրել սիրո և խաղաղության մեջ: Հույս են հայտնել, որ իրավապահ մարմինները կգտնեն կազմակերպիչներին և մեղավորներին՝ Վրաստանում ժողովուրդների միջև ցանկացած պառակտում կանխելու նպատակով: