Սահմանագոտում լարվածությունը հովանավորում են հենց եռանախագահները. Աշոտ Մանուչարյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ տարածել են հայտարարություն, որում խորը մտահոգություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում լարվածության, բռնությունների սրացման, այդ թվում` հայ-ադրբեջանական սահմանի շփման գծում խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ: Tert.am-ը հայտարարության վերաբերյալ զրուցել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի հետ, ով կարծում է, որ հայ-ադրբեջանական սահմանագոտում լարվածությունը հենց եռանախագահների, կամ այլ գերհզոր պետության կողմից է հովանավորվում: «Նրանք կարող էին մեկ վայրկյանում ամբողջ լարվածությունը սահմանում դադարեցնել, սակայն անգամ այդ ուղղությամբ նրանց կողմից որևէ բան չի սպասվում»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:
– Պարո՛ն Մանուչարյան, ինչպե՞ս եք գնահատում համանախագահների հայտարարությունը:
– Առաջնահերթ պետք չէ մեծ ուշադրություն դարձնել համանախագահների հայտարարության վրա, որովհետև չպետք է նայել, թե ինչ են նրանք ասում, այլ ինչ են անում: Ուկրաինայում էլ նրանք կոչ են անում, որ խաղաղություն լինի, սակայն ամեն հայտարարությունից հետո սպանությունների թիվն աճում է: Այդ երկրները շատ հզոր են, նրանք կարող են, ինչ ցանկանում են պարտադրել, համոզել: Մենք պետք է հասկանանք, որ իրականությունը ոչ թե այն է, ինչ խոսում են, այլ այն, ինչ անում են:
– Այդ դեպքում ԼՂ հակամարտության առումով ի՞նչ են անում, եթե հայտարարության մեջ խաղաղության մասին են խոսում:
– Հայ–ադրբեջանական սահմանում ինչ կատարվում է, խոշոր երկրների գործունեության արդյունք է: Իլհամ Ալիևը, երբ 2004-2005 թթ-ին եկավ իշխանության, փորձում էր որդեգրել այլ քաղաքականություն, այսինքն՝ նա ընտրելու էր հարաբերությունների բարելավման ճանապարհը և խնդիրները կարգավորելու էր կովկասյան ինտեգրացիայի փիլիսոփայության շրջանակում: Սա մերժվել է, ոչ թե Իլհամի Ալիևի կողմից, այլ նրանց կողմից, ովքեր հովանավորում և թելադրում էին Ադրբեջանին, թե ինչ քաղաքականություն վարել:
– Հիմա երկու կողմին ուղղված կոչը որքանո՞վ եք արդարացի համարում, առավելևս, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ հանդիպման ժամանակ, նշել է, որ Ադրբեջանն է լարված մթնոլորտ ստեղծում։
– Ադրբեջանը վատ չի անդրադառնում, այլ դա անում են եռանախագահները, Ադրբեջանը գործիք է նրանց համար: Եթե Ադրբեջանին իրոք ասվի՝ մի՛ արա այդ բանը, նա չի անի: Իրականում նրան ասում են ճիշտ հակառակը: Աշխարհում չկան «չարաճճիներ», որոնք կարողանան հակաճառել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի համատեղ հայտարարությանը, իսկ եթե հակաճառում են, ուրեմն նշանակում է, որ ինչ-որ մեկը կամ երկուսը կամ հնարավոր է՝ այդ եռյակից դուրս, հզորներից որևէ երկիր ասում է՝ այդպե՛ս արա:
– Այսինքն՝ սահմանի լարվածությունը հովանավորվո՞ւմ է հենց եռանախագահների կողմից:
– Անկասկած, հնարավոր է եռանախագահներից մեկի կամ երկուսի կողմից:
– Իսկ ո՞ր երկրներն եք հավանական համարում որպես լարվածության հովանավոր:
– Ադրբեջանի վրա երեք երկրներ են շատ մեծ ազդեցություն պահպանում՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, և Իսրայելը:
– Հայաստանի և Ադրբեջանի նախագահների նախատեսվող հանդիպման վայրի փոփոխությունը ինչպե՞ս եք գնահատում: Նախաձեռնությունը ի սկզբանե եղել է Ֆրանսիայի նախագահինը, այնինչ հիմա խոսքը Նյու Յորքում կազմակերպվող հանդիպման մասին է:
– Այդ ամենը մի ներկայացում է, որը հնարավորություն է տալիս ցույց տալու, որ աշխարհում ինչ-որ մտահոգ «քեռիներ» զբաղված են ինչ-ինչ ժողովուրդներին խաղաղացնելով: Այսօր որքան հեռու այդ «քեռիներից», այնքան ավելի լավ, որովհետև այդ քեռիները չեն կարողանում աշխարհը կառավարել, նրանք հրահրում են սպանություններ: Դրա համար, եթե Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդները չեն ցանկանում մսաղացի մաս դառնալ, ուրեմն պետք է հասկանան, որ սեփական կամքով պետք է առաջնորդվեն: Եթե այդ աշխարհի հզորներին պետք է, որ Ուկրաինան վերածվի մսաղացի, նրանք դա անում են, ինչպես՝ կարող են մսաղացի վերածվել Ադրբեջանը, Հայաստանը:
– Ի՞նչ եք կարծում, երկու նախագահների այդ հանդիպումից որևէ բան կփոխվի՞:
– Այդ հանդիպումը ոչինչ չի նշանակում, բացի սիմվոլիկ բնույթ կրելուց: Որքան էլ ասեն, որ հիմա նոր առաջարկություններ են լինելու, միևնույն է՝ այդ երկրների կողմից չկա առաջարկվող, խաղաղության տանող որևէ ճանապարհ: Նրանք կարող էին մեկ
վայրկյանում ամբողջ լարվածությունը սահմանում դադարեցնել, սակայն անգամ այդ ուղղությամբ նրանց կողմից որևէ բան չի սպասվում:
– Իսկ ի՞նչ նպատակ կարող են հետապնդել Ադրբեջանին հրահրելով, որպեսզի սահմանին լարվածություն առաջացնի:
– Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում Ուկրաինայում ստեղծել կողմեր, հետո նրանց հովանավորել, որ նրանք իրար սպանեն: Մի կողմից Ռուսաստանն է, մյուս կողմից՝ կոնսոլիդացված Արևմուտքը: Ռուսաստանի վարած պատերազմը
ֆինանսատնտեսական ոլորտում է, և Արևմուտքից դուրս աշխարհը, ըստ էության, մեծ կամ փոքր չափով կոնսոլիդացված է Ռուսաստանի հետ, բայց ոչ որպես ռազմական առճակատման մաս: Հիմնական պատերազմը ֆինանսա–տնտեսական ոլորտում է տարվում: Իսկ մյուս երկրները ռազմական պատերազմներով փորձում են ապստամբ Ռուսաստանին ջարդել՝ ռուսաստանամերձ երկրներում ստեղծելով Ռուսաստանի համար խնդիրներ: Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան շատ հարմար վայր են այդ խնդիրները ստեղծելու համար:
–Այս դեպքում, ինչ քայլեր պետք է մենք ձեռնարկենք:
– Մենք պարտավոր ենք մեր մեջ գտնել ինտելեկտուալ, հոգևոր ուժեր, ինչը մենք, անկասկած, ունենք և 88-ին դրսևորել ենք ֆանտաստիկ ձևով: Հիմա մենք չենք թուլացել, և նրանք էլ, ովքեր գնացել են դուրս, այդ ամենին կարող են մասնակցել շատ արդյունավետ ձևով: Ամբողջական հայությունն աշխարհի ժողովուրդների իղձերը իրական նպատակները համադրելու հսկայական պոտենցիալ ունի, սակայն մենք դրա համար հավես չունենք:
– Համանախագահները խոսել են նաև ժողովուրդների միջև փոխադարձ շփմանն ուղղված ծրագրերի մասին, ինչ կասե՞ք դրա վերաբերյալ:
– Մինչև մեծ տերությունների՝ մեր գործերին խառնվելը դրանով էինք զբաղված, մենք Ադրբեջանի շատ մարդկանց հետ բարեկամական կապեր ունեինք, հանդիպում, խոսում էինք: Երբ «մեծերը» եկան, մեզ ասեցին, որ դուք պետք է իրար ատեք ու սպանեք, և մենք սկսեցին իրար սպանել սահմանում:










