Լ. Հայրապետյանի կալանավորումը ինչ–որ համակարգի կամ խմբի վերաբաշխման գործընթացի մաս է. Գ. Արսենյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանում հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի կալանավորմանն ու նրա դեմ քրեական գործ հարուցելու փաստին, ենթադրում է, որ որևէ համակարգի կամ որևէ խմբի կողմից փորձ է արվում վերաբաշխման գործընթաց իրականացնել, և կիրառվել է այդ՝ քրեական գործ հարուցելու եղանակը:
«Դա իմ գնահատականն է, որովհետև ռուսական իշխանությունները Լևոն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու որևէ հիմք չունեն, նա այնտեղ ընդդիմադիր գործունեություն չի ծավալել»,– ասում է նա:
-Մոսկվայում հայտնի գործարար Լևոն Հայրապետյանը մի քանի օր է՝ կալանավորված է փողերի լվացման մեղադրանքով: Ինչպե՞ս եք վերաբերում այս փաստին:
-Առաջին հերթին՝ ուզում եմ ասել, որ շատ բարձր և շատ դրական եմ գնահատում Լևոն Հայրապետյանին: Ճանաչում եմ իրեն որպես բանիմաց, կրթված մտավորականի, ո՛չ թե օլիգարխի, այլ՝ մտավորականի: Լևոն Հայրապետյանն այն բացառիկ հայերից մեկն է, որը և՛ իր գործունեությամբ, և իր կյանքով, և՛ իր դաստիարակությամբ արժանի է ընդօրինակման: Բազմիցս շփվել եմ պարոն Հայրապետյանի հետ և գտնում եմ, որ հայ ազգի բացառիկ ներկայացուցիչներից մեկն է և՛ իր մարդկային որակներով, և՛ իր բարոյական, արժեքային համակարգով, և՛ իր կյանքով ու գործունեությամբ:
-Լևոն Հայրապետյանի շրջապատից դժգոհում են, որ Հայաստանից մտավորականների, պաշտոնյաների, քաղաքական գործիչների ձայն չի լսվում: Ձեր կարծիքով՝ տեղի՞ն է այս մտահոգությունը:
-Եթե ես Ձեր թվարկած որևէ դասակարգման մեջ մտնում եմ, ես հիմա իմ ձայնը բարձրացնում եմ։ Գտնվելով արտերկրում՝ վերադարձել եմ Հայաստան և իմանալով այդ լուրը՝ հայտնում եմ իմ կարծիքն այդ մարդու վերաբերյալ:
- Լևոն Հայրապետյանին առաջադրված փողերի լվացման մեղադրանքն այն մեղադրանքն է, որ մի քիչ հեղհեղուկ է և ընկալվում է որպես հոդված, որը քաղաքական հետապնդման համար շատ հարմար է:
- Լևոն Հայրապետյանի գործունեությունը քաղաքական հետապնդման ենթարկելու որևէ հիմք չունի: Եթե Լևոն Հայրապետյանն իրականացնում է որոշակի գործառույթներ Ռուսաստանի կողմից, սա քաղաքական հետապնդման հետ որևէ կապ չունի: Կարող է լինել պարզապես մրցակցային անառողջ պայքար, պատվեր համապատասխան մրցակիցների կամ իր չակերտավոր բարեկամների կողմից, ինչը Ռուսաստանի այսօրվա իրականության մեջ, ցավոք, մշտապես առկա է:
-Այսինքն՝ «Բաշնեֆթի» բաժնետոմսերի պատճառն է իրական, ո՛չ թե քաղաքական դրդապատճառներ կան:
- Իմ ենթադրությունն այն է, որ որևէ համակարգի կամ որևէ խմբի կողմից փորձ է արվում վերաբաշխման գործընթաց իրականացնել, և կիրառվել է այդ գործիքը: Դա իմ գնահատականն է, որովհետև ռուսական իշխանությունները Լևոն Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու որևէ հիմք չունեն, նա այնտեղ ընդդիմադիր գործունեություն չի ծավալել:
-Բայց Հայաստանի մասով ծավալում է, և շրջանառվում է նաև վարկած, որ պատվերը կարող է լինել ՀՀ իշխանություններից:
- Հակառակորդ չասեմ, բայց ես չեմ կարող պատկերացնել, որ Հայաստանի իշխանությունը կարող է պատվեր իջեցնել իր հայացքները չկիսող որևէ քաղաքացու նկատմամբ Ռուսաստանում և հետամուտ լինել այդ պատվերի կատարմանը։
- Իսկ Ձեր կարծիքով՝ Հայաստանի, Արցախի իշխանությունը կարո՞ղ են ինչ-որ բան անել:
-Առաջին հերթին՝ կարող են ցուցաբերել բարոյական աջակցություն, և երկրորդ՝ կարող են անհրաժեշտության դեպքում իրենց ունեցած կառույցներով, ազդեցությամբ որոշակի մասնակցություն ունենալ ո՛չ թե արդարադատություն իրականացնելու, այլ՝ հասարակությանը համապատասխան ճիշտ տեղեկատվություն հասցնելու գործում:










