«Փարոս» երգչախումբը երկու արծաթե մեդալ է նվաճել

12:33 • 24.07.14

«Փարոս» կամերային երգչախումբը հաղթանակով է վերադարձել Ռիգայում կայացած Երգչախմբերի համաշխարհային խաղերից։ Երգչախումբը երկու անվանակարգերում՝ «Երկսեռ կամերային երգչախմբեր» և «Հոգևոր երաժշտություն ակապելա», ստացել է արծաթե մեդալներ: Բաղձալի ոսկին Հայաստան բերելու համար երգչախմբին չի բավականացրել ընդամենը 1.4 միավոր:


«Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Րաֆֆի Միքայելյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ չեմպիոնական մրցույթն անցկացվել է հուլիսի 14-19-ը, և այդ իրադարձությանը երգչախումբը մասնակցել է շնորհիվ նրա, որ միջազգային մրցույթի դափնեկիր է:


«Առաջին անգամ ենք մասնակցում Երգչախմբերի համաշխարհային խաղերին: Սա հայտնի մրցույթ է, կազմակերպվում է երկու տարին մեկ, սակայն նախորդ անգամ՝ 2012 թվականին, տեղի է ունեցել ԱՄՆ-ում, և մենք չկարողացանք մասնակցել: Մենք այդ ժամանակվանից ցանկություն ունեինք մասնակցելու խաղերին և այս անգամ մեկնեցինք Ռիգա»,- նշեց Րաֆֆի Միքայելյանը:


«Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարի խոսքով, Ռիգա է մեկնել երգչախմբի ամբողջ՝ 34-հոգիանոց կազմը: «Երբ վերջում վերցրինք դիպլոմը, տեսանք ժյուրիի գնահատականները և համեմատեցինք, նկատեցինք, որ դրանք շատ հակասական են՝ կային, որ շատ բարձր էին, և կային, որ շատ ցածր էին: Եթե բոլորն իրար նման նշանակեին, մենք ոսկի կստանայինք գոնե մեկ անվանակարգում: Երբեք երգչախումբն այդքան լավ չէր երգել»,-ընդգծեց Միքայելյանը:


Երգչախումբը պատրաստվում է երկու տարի անց՝ 2016-ին, Սոչիում մասնակցել նույն խաղերին և բաղձալի ոսկին բերել հայրենիք:


«Փարոս» կամերային երգչախումբը ստեղծվել է 1993 թվականին Կարմիր Խաչի հետ վնասվածքային վերականգնողական կենտրոնին կից։ Երգչախմբի հիմնման պահից մինչև 2008թ. «Փարոսի» գեղարվեստական ղեկավար և դիրիժորն է եղել Վաչագան Նավասարդյանը։ 2009 թվականի սկզբին «Փարոս» կամերային երգչախմբի գեղարվեստականղեկավարի պաշտոնում նշանակվեց Րաֆֆի Միքայելյանը։


«Փարոս» երգչախմբի անդամները սահմանափակ կարողություններով մարդիկ են: Իր գործունեության ընթացքում երգչախումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել Երևանում, Հայաստանի տարբեր շրջաններում և արտերկրում։ Թողարկվել է «Փարոսի» երկու ձայներիզ։ 2010թ. դեկտեմբերի 3-ին «Փարոսն» աշխարհահռչակ Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգին արժանացավ վերջին երկու երգերը մեծ տենորի հետ կատարելու պատվին։

 

 

«Փարոս» երգչախումբը երկու արծաթե մեդալ է նվաճել