20000 աշխատակից հայց է ներկայացրել ընդդեմ Apple-ի ընդմիջումների և աշխատավարձերի ուշացման համար
Apple-ի ավելի քան 20000 աշխատակից հավաքական հայց է ներկայացրել, որով իրենց գործատուին մեղադրում են աշխատանքային օրենսգրքի խախտման մեջ: Ինչպես հայտնում է newsru.com-ը` TechCrunch-ին հղումով, մասնավորապես, խոսքը ընդմիջումները ժամանակին չտրամադրելու, այդ թվում նաև` ճաշի ընդմիջումը, ինչպես նաև՝ աշխատավարձերն ուշացնելու մասին է:
Հայցում նշվում են ինչպես տեխնոլոգիական հսկայի ներկայիս, այնպես էլ՝ արդեն ազատված աշխատակիցների անունները: Միաժամանակ՝ նշվում է, որ դեռևս 2011-ին Կալիֆորնիայում հայցը նախապես ներկայացրել էր 4 աշխատակից, սակայն օրեր առաջ դատարանն այն միավորել է հավաքական հայցի հետ, որը հնարավորություն է տվել ավելացնել հայցվորների թիվը:
Ներկայացված փաստաթղթերում օրինակ է բերվում, որ ընկերության աշխատակիցներից մեկն ստիպված է եղել 5 ժամ աշխատել առանց ընդմիջման, իսկ ճաշն ընդհանրապես չի մատուցվել ողջ օրվա ընթացքում:
Դեռևս հայտնի չէ փոխհատուցման չափը, սակայն փաստաբանի խոսքով` մնում է միայն որոշել փոխհատուցվող գումարի չափը:










