Բուլղարիայի վարչապետը հրաժարական է տվել

11:30 • 24.07.14

Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին հուլիսի 23-ի երեկոյան հրաժարականի դիմում է ներկայացրել, և երկրի խորհրդարանը հուլիսի 25-ին կարող է քվեարկել հրաժարականի օգտին, գրում է korrespondent.net-ը:

 

Հենց այդ կառավարությունն է՝ ձևավորված Բուլղարական սոցիալիստական կուսակցության և թուրքական փոքրամասնության կուսակցության կողմից, որոշում կայացրել «Հարավային հոսք» նախագիծը սառեցնելու մասին, որը պետք է ապահովեր ռուսական գազի տեղափոխումը Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան:

 

Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Անտուան Կոլոմբանին ավելի վաղ հայտնել է, որ Եվրահանձնաժողովը խնդրել է Բուլղարիային դադարեցնել «Հարավային հոսք» նախագծի իրականացումը՝ մինչ ԵՄ-ի հետ խնդիրը պարզելը:

 

Խոշոր ենթակառուցվածքային նախագծի սառեցումը սուր քննադատության է ենթարկվել ընդդիմության կողմից: Նախկին վարչապետ և ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բոյկո Բորիսովը մեղադրել է երկրի կառավարությանը «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագիծը տապալելու համար և կոչ արել կառավարությանը հրաժարական տալ:

 

Երեկ՝ հուլիսի 23-ին, Բուլղարիայի նախագահը հանդես է եկել «Հարավային հոսքի» կառուցման դադարեցման օգտին: