Քոբեյնի դերին հավակնում են «նոր Բրեդ Փիթեր». Քորթնի Լավ
Երաժիշտ Քուրթ Քոբեյնի այրին՝ երգչուհի և դերասանուհի Քորթնի Լավը պատմել է, որ այժմ անցկացնում է Քոբեյնի մասին կենսագրական ֆիլմում գլխավոր դերակատարի ընտրություն, հայտնում է Газета.ru-ն։
Ներկայում երգչուհին ֆիլմի նկարահանող խմբի հետ դերասան է ընտրում Քոբեյնի դերի համար՝ թեկնածուների ուղարկած տեսահոլովակների միջոցով։
«Դա հեշտ չէ, քանի որ բոլոր տղաներն այնքան գեղեցիկ և լավն են։ Անուններ չեմ նշի, սակայն նրանք բոլորը 25-ամյա գեղեցիկ շիկահերներ, նոր Բրեդ Փիթեր են։ Նրանք ոչ միայն գեղեցիկ դեմք ունեն, այլև դերասանական տաղանդ»,- ասել է Լավը։
Ֆիլմի նկարահանումները պետք է սկսվեն հաջորդ տարի։ Ռեժիսորի անունը դեռևս հայտնի չէ։
Nirvana խմբի առաջատար Քոբեյնն ինքնասպանություն էր գործել սեփական տանը 1994-ին 27 տարեկանում։










