Ֆրանսիան ներգաղթյալների համար բարեփոխումներ է անում

19:51 • 24.07.14

Ֆրանսիայի նախարարների խորհուրդը հուլիսի 23-ին միանգամից երկու օրինագիծ է հաստատել, որոնք թույլ են տալիս կարգավորել ներգաղթի հարցը: Այդ օրինագծերը կոչված են մի կողմից՝ արագացնելու և հեշտացնելու արտասահմանցիների համար կեցության իրավունք ստանալու գործընթացը, իսկ մյուս կողմից՝ երկիր բերել որակավորում ունեցող ներգաղթյալների:


Ինչպես հայտնում է Euromag-ը՝ RFI-ին հղումով, վերջին 7 տարում ավելացել է Ֆրանսիայում քաղաքական ապաստան ստանալու հայցով դիմողների քանակը, մինչդեռ այն ստանալու գործընթացը ձգձգվում էր:


2013-ի հաշվարկների արդյունքում Ֆրանսիայի ոստիկանության պրեֆեկտուրաներում 66 000 դոսյե է հավաքվել, որոնցից յուրաքանչյուրը դիտարկելու համար միջինում 2 տարի է պահանջվում:


Ընդունված բարեփոխումը թույլ կտա ո′չ միայն թեթևացնել փախստականների ընդունմամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքները, այլև՝ տնտեսել պետական միջոցները:


Բարեփոխման մյուս մասն իրենից օրինագիծ է ներկայացնում, որը ենթադրում է առավել բարենպաստ պայմաններ ստեղծել բարձր որակավորում ունեցող արտասահմանցիների համար: