Ղարիբաշվիլին կարևոր հարցերի շուրջ խորհրդակցում է նախկին վարչապետ Իվանիշվիլիի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ռազմավարական կարևոր հարցերի շուրջ խորհրդակցում է երկրի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ, գրում է Грузия Online-ը: Այդ մասին վարչապետը հայտարարել է «Իմեդի» հեռուստաալիքի եթերում:
«Եթե Բիձինա Իվանիշվիլին ցանկանար մնալ երկրի կառավարության ղեկավար և ղեկավարել բոլոր գործընթացները, նա չէր հեռանա քաղաքականությունից: Այն, ինչ արել է Բիձինա Իվանիշվիլին երկրի համար, հնարավոր չէ գնահատել»,- ասել է նա:
Վարչապետն ասել է նաև, որ Իվանիշվիլին մեծ ազդեցություն է ունեցել իր աշխարհայացքի վրա։ «Եվ ես, իհարկե, նրա հետ չեմ խզում կապերը: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում ես կարող եմ նրանից խորհուրդ հարցնել այս կամ այն կարևոր հարցի վերաբերյալ: Եվ այստեղ ոչ մի տարօրինակ բան չկա: Ինձ հետաքրքրում է նաև մեր թիմի անդամների, ինչպես նաև քաղաքականությունից հեռու սովորական մարդկանց կարծիքը»,- հայտարարել է Իրակլի Ղարիբաշվիլին:










