Մենք կարող ենք երաշխավորել, որ Հայաստանի տարածքում ոչ մի օդանավի վտանգ չի սպառնում. Սահակ Հակոբյան
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ֆեյսբուքյան իր էջում հաղորդագրություն է տեղադրել, որում հայտնում է, որ իրենք հարցումներ են ստանում դեպի Հայաստան օդային թռիչքների անվտանգության վերաբերյալ:
«Մենք դեպի Հայաստան թռիչքների վերաբերյալ որևէ սպառնալիքի մասին տեղեկացված չենք, բայց առաջարկում ենք կապվել ավիաընկերությունների հետ թռիչքների անվտանգության մասին լրացուցիչ տեղեկությունների համար»,-ասված է հաղորդագրության մեջ:
Tert.am-ըՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանին խնդրեց անդրադառնալ այդ հայտարարությանը: Նա նշեց, որ իրենք նման ահազանգերից տեղյակ չեն:
Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքներին, Սահակ Հակոբյանն ասաց.«Ոչ մեկը չի կարող երաշխավորել՝ վտանգ կա՞, թե՞ չկա, պետք է երաշխավորի այն պետությունը, որի տարածքով օդանավերն անցնում են: Մենք կարող ենք երաշխավորել, որ Հայաստանի տարածքում ոչ մի օդանավի վտանգ չի սպառնում»:
Նա նշեց, որ իրենք սպառնալիքներից տեղյակ չեն, եթե ԱՄՆ դեսպանատունը ինչ-որ սպառնալիքների մասին գիտի, ուրեմն իրենցից պետք է ճշտել:










