Վանքից ովքեր որ կան Երևանում՝ դուրս են գալու ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի. Վանքի գյուղապետ

17:40 • 24.07.14

Ավելի վաղ Tert.am-ը գրել էր, որ Վանք գյուղում Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու պահանջի ներքո հավաքվել է 1 566 ստորագրություն, այսինքն՝ ամբողջ գյուղն է ստորագրել:

«Ովքեր որ մեր գյուղից կան Երևանում, նրանք դուրս են գալու ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի»,- ասաց ԼՂՀ Վանք գյուղի ղեկավար Անդրեյ Սարգսյանը:


Հարցին, թե իսկ Վանք գյուղում բնակվողները հնարավո՞ր է միանան այդ ակցիային, գյուղապետը պատասխանեց, թե պետք է դիմեն իրենց ղեկավարներին՝ իրավունք ստանալու, գալու և ակցիային մասնակցելու համար:


Իսկ թե որտեղ և երբ է անցկացվելու բողոքի ակցիան՝ դեռ հստակ չէ:


«Շատ տխուր ենք, որովհետև Լևոն Հայրապետյանը գյուղի համար շատ բաներ է արել: Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ նա և՛ Արցախ աշխարհի, և՛ հայ ազգի համար շատ բարեգործություններ է արել: Կոնկրետ Վանքում դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց է կառուցել, եկեղեցիներ վերանորոգել, վետերաններին, Արցախյան ազատամարտում վիրավորվածներին, զոհվածների ընտանիքներին է ֆինանսական աջակցություն ցույց տալիս»,- ասաց գյուղապետը՝ շարունակելով, թե շատ են ուզում բարերարին ազատության մեջ տեսնել: