Մոսուլի ողբերգությունը 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանն է նման. քրդական գործակալության անդրադարձը

12:17 • 24.07.14

Մինչև 2003թ.-ը մոտ 200 հազար քրիստոնյա էր բնակվում իրաքյան Մոսուլում, որտեղ այժմ անգամ մեկ քրիստոնյա չի մնացել: «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հարձակումից և մահվան սպառնալիքից փախած հայերն ապաստան են գտել Իրաքի քրդական մասում, գրում է քրդական «Ֆըրաթ» գործակալությունը:


Քրիստոնյա աշխարհի վերլուծողները Մոսուլի ողբերգությունը 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանն են նմանացնում:


«Իսլամական պետություն» խմբավորումը հունիսից գրավել է Մոսուլն ու այնտեղ էթնիկ զտում է իրականացնում: Հազարավոր տարիներ Մոսուլում և դրա շրջակայքում բնակված ասորի, հայ, եզդի փոքրամասնությունները սպառնալիքի տակ լքել են իրենց տները:

 

Անցյալ շաբաթ իսլամիստ ծայրահեղականները հրկիզել են տարածաշրջանի ամենահին եկեղեցիներից մեկը համարվող ասորի-կաթոլիկների 1800-ամյա եկեղեցին, իսկ քաղաքում բնակվող քրիստոնյաներին և կրոնական այլ խմբերի ներկայացուցիչներին սպառնացել են սպանել:

 

Թուրքիան, Կատարը և Սաուդյան Արաբիան լուռ են


Աշխարհի կաթոլիկների հոգևոր առաջնորդ Ֆրանցիսկոս պապը կիրակի աղոթել էր Իրաքի քրիստոնյաների, իսլամիստների հարձակումների հետևանքով մահացածների և սպառնալիքի տակ ապրողների համար:

 

Ո՛չ Թուրքիան, ո՛չ Կատարը և ո՛չ Սաուդյան Արաբիան որևէ կերպ չեն արձագանքել, ինչը քրիստոնեական շրջանակների քննադատությանն է արժանացել, քանի որ վերջին երեք օրերի ընթացքում Մոսուլից իրական գաղթ է տեղի ունենում:


Բաղդադում ասորիների հոգևոր առաջնորդը հայտարարել է, թե այդ շրջաններում անգամ մեկ քրիստոնյա չի մնացել, իսկ իսլամիստ զինյալները «քրիստոնյաների որսի» են դուրս եկել: Քրիստոնյաների փախուստից մի քանի օր առաջ նրանց տների վրա նշաններ են արվել, և ասորի առաջնորդը կոչ է անում միջազգային հանրությանն ու, հատկապես, իսլամական աշխարհին արձագանքել տեղի ունեցողին:

 

1915թ.-ի Ցեղասպանությունն է կրկնվում


Աշխարհում ճնշումների ենթարկված քրիստոնյա ժողովուրդների հարցերով ուսումնասիրություններ իրականացրած «Միջազգային հանրությունը՝ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության խոսնակն այժմ Մոսուլում տեղի ունեցողը նմանեցրել է 1915թ.-ի Հայոց ցեղասպանությանը:

 

Նա նշել է, որ քրիստոնյաները 100 տարի է՝ նման ողբերգության ականատես չէին եղել և երախտագիտություն է հայտնել նրանց պաշտպանության տակ առած քրդերին և Հորդանանին:

 

Կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Սադամ Հուսեյնի պաշտոնավարման տարիներին քրիստոնյաներն ավելի ապահով էին: Նա ընդգծել է, որ եթե քրդական հատվածներում քրիստոնյաների համար վրանային ճամբարներ չկառուցվեին՝ ողբերգությունը շատ ավելի խորը կլիներ:

 

Բաղդադից ընտրված քրիստոնյա խորհրդարանական Ջոնադամ Քաննան իսլամիստ ահաբեկիչների հարձակումները «էթնիկ զտում» է որակում, իսկ քրիտոնյա ժողովուրդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող  կազմակերպությունները մտահոգվում են, որ հարձակումներ կարող են իրականացվել շրջանում ամենամեծաթիվ քրիստոնյաներն ունեցող երկրի՝ Լիբանանի ուղղությամբ:

 

1.5 միլիոնից 300 հազարն են մնացել


2003թ.-ին ԱՄՆ-ի կողմից Իրաքում սկսված պատերազմից առաջ երկրում 1.5 մլն քրիստոնյա էր ապրում: Դրանցից 200 հազարը բնակվում էին Մոսուլում: Այժմ, ենթադրվում է, որ Իրաքում 300 հազար քրիստոնյա է մնացել: Դրանց մեծ մասն այժմ քրդերի վերահսկողության տակ մնացած շրջաններում են: