Նորվեգացի բժիշկն Օբամային հրավիրել է Գազա՝ պաղեստինցիների տառապանքը սեփական աչքերով տեսնելու համար
Նորվեգացի վիրաբույժ Մադս Ժիլբերտը, ով ինքնակամ մեկնել է ռազմական գործողությունների թիրախում գտնվող Գազայի հատված ու աշխատում է այնտեղի հիվանդանոցներից մեկում, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հրավիրել է 1 գիշեր անցկացնել հիվանդանոցում, որպեսզի նա սեփական աչքերով տեսնի հրեական բանակի գործողությունների հետևանքով պաղեստինցիների կրած տառապանքները։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, վիրաբույժն Օբամային ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին մեղադրել է անմեղ պաղեստինցիների սպանելու համար
Օբամային ուղղված բաց նամակում Ժիլբերտը գրել է.«Ձեր ձեռքերին այնքան արյուն կա, որ անհնար է այն լվանալ։ Պարո՛ն Օբամա, Դուք սիրտ ունե՞ք։ Եթե այո, ապա հրավիրում եմ Ձեզ 1 գիշեր անցկացնել Ալ Շիֆաայի հիվանդանոցում։ Ես 100%-ով վստահ եմ, որ դա հիմնովին կփոխի պատմությունը։ Սիրտ և իշխանություն ունեցող մարդը երբեք այստեղից չի հեռանա առանց պաղեստինցի ժողովրդի սպանդին վերջ տալու հստակ որոշմամբ»։
Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ու Իսրայելի զինուժի միջև հակամարտությունը շարունակվում է, ինչի հետևանքով զոհերի թիվը հասել է 700-ի։ ՄԱԿ-ի նախնական տվյալների համաձայն` զոհերի 74 տոկոսը խաղաղ բնակիչներ են: Իսրայելի հարձակումների պատճառով 140.000 պաղեստինցի ստիպված է եղել տեղահանվել:










