Հռոմի պապն ընդունել է մահապատժից խուսափած կրոնափոխ սուդանցի կնոջը

17:38 • 24.07.14

Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոսն այսօր Վատիկանում ընդունել է սուդանցի կրոնափոխ Մերիամ Իբրահիմին, ում պատմությունը վերջերս գտնվում էր միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, հայտնում է BBC-ն։

 

Հռոմի պապի ու քրիստոնյա կնոջ հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն, սակայն նրանց հանդիպումն ապացուցող մի լուսանկար է հրապարակվել, որում Ֆրանցիսկոսն իր աջը դնում է նորածնին գրկում պահած հավատացյալ կնոջ գլխին։

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Իբրահիմը ժամանել է Հռոմ. նրան տեղափոխել են իտալական կառավարական օդանավով:  27-ամյա Իբրահիմին ուղեկցել է իր ընտանիքը, ինչպես նաև՝ Իտալիայի փոխարտգործնախարար Լապո Պիստելին: Հայտնի է, որ կինը պատրաստվում է այնուհետև մեկնել ԱՄՆ։

 

Հիշեցնենք, որ Սուդանի մայրաքաղաք Խարթումի դատարանը մահապատժի էր դատապարտել երիտասարդ կնոջը՝ իսլամից հրաժարվելու ու քրիստոնեություն ընդունելու համար։ Նրան ձերբակալել էին հղի վիճակում՝ ստիպելով շղթայակապ ոտքերով  ծննդաբերել բանտի հիվանդանոցում։ Վերջիվերջո միջազգային հանրության ճնշման արդյունքում Սուդանի իշխանությունները չեղարկել են Իբրահիմի մահվան դատավճիռն ու ազատ արձակել կնոջը։