Թայվանում ավիավթարի զոհերի ընտանիքներին 33.000-ական դոլար փոխհատուցում կվճարվի (լուսանկարներ)
Թայվանում նախօրեին աղետի ենթարկված ինքնաթիռի զոհերի հարազատները 33.000-ական դոլար կստանան։ Տուժած ուղևորները՝ 6.000-ական դոլար, ասվում է TransAsia Airways ընկերության հաղորդագրության մեջ, որին պատկանել է ինքնաթիռը։
Չինաստանի և Թայվանի իշխանություններն իրենց ցավակցությունն են հայտնել ATR-72 ինքնաթիռի կործանման առնչությամբ։ «Այսօր շատ տխուր օր է թայվանական ավիացիայի պատմության մեջ։ Ամբողջ Թայվանն է սգում»,- հայտարարել է Թայվանի ղեկավար Մա Ինցզյուն։
Չինաստանի նախագահ Սի Ձինպինը նշել է, որ «խորը վիշտ է զգում» տեղի ունեցած աղետի համար, փոխանցում է ДНИ.ru-ն։
Փենհու կղզում աղետի ենթարկված ուղևորատար ինքնաթիռում գտնվել է 58 մարդ։ Ավիափոխադրողի տվյալներով՝ նրանցից 48-ը զոհվել են, 10-ը՝ հոսպիտալացվել։ Հայտնի է, որ կործանված ինքնաթիռում գտնվել է Ֆրանսիայի 2 քաղաքացի։
Ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել բարդ եղանակային պայմաններում, սակայն առաջին փորձից չի հաջողվել, և այն 2-րդ շրջանն է կատարել, ինչից հետո նրա հետ կապն ընդհատվել է։

























