Վրաստանում ինտերնետային մալուխի վթարի հետևանքով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող ինտերնետային կապը. Ucom
Ucom ընկերությունը տեղեկացնում է, որ ինտերնետային մալուխի վթար կա Վրաստանում, որի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։
Ընկերությունը նշում է, որ երեկ՝ ժամը 20:20 սահմաններում Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող Ucom ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի Հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել է։
«Շնորհիվ պահուստային գծերի մեր ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի Հանրապետության տարածքում այժմ Ucom ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։ Ucom -ն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան։ Հայցում ենք մեր բաժանորդների ներողամտությունը»,- նշվում է հայտարարության մեջ։










