Ալլա Պուգաչովային նվիրված երեկո՝ «Նոր ալիք» մրցույթում (լուսանկարներ, տեսանյութ)
«Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթի շրջանակներում հուլիսի 25-ին անցկացվեց մրցույթի մուսա Ալլա Պուգաչովային նվիրված հատուկ երեկո: Ռուսական էստրադայի պրիմադոննային նվիրված համերգի ընթացքում շոուբիզնեսի անվանի ներկայացուցիչները կատարեցին Պուգաչովայի երգերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ձինտարի» համերգասրահում անցկացված համերգային երեկոն վարեց հաղորդավար, երգիծաբան, Պուգաչովայի ամուսին Մաքսիմ Գալկինը: Հայ ակնդիրը հնարավորություն ստացավ համերգը դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում:
«Այսօր յուրահատուկ երեկո է, որովհետև այսօր այս դահլիճում, որտեղ ասեղ գցելու տեղ չկա, կհնչեն ձեր սիրելի՝ Ալլա Պուգաչովայի երգերը: Ուրախ եմ, որ վարում եմ այս երեկոն: Սովորաբար Ալլայի բոլոր ամուսինները պատմում են նրա մասին բաժանումից հետո, իսկ ես սկսել եմ մինչ այդ»,- կեսկատակ- կեսլուրջ նշեց Մաքսիմ Գալկինը:
Գալկինն ամբողջ երեկոյի ընթացքում իր յուրահատուկ հումորներով և զվարճալի պատմություններով հիացրեց բոլորին: Պուգաչովայի համար «Ձինտարի» երգելու էին եկել նրա ընկերներն ու գործընկերները:
Համերգային երեկոն իր ելույթով բացեց Վալերի Մելաձեն: Այնուհետև հանդես եկան Պոլինա Գագարինան, Իգոր Նիկոլաևը, Սերգեյ Լազարևը , Քրիստինա Օրբակայտեն , Լեոնիդ Ագուտինը, Լայմա Վայկուլեն , «A Studio» խումբը , Լոլիտան, Նիկոլայ Բասկովը, Նիկիտա Պրեսնայկովը, Ալսուն, Բորիս Մոիսեևը, Ֆիլիպ Կիրկորովը, Իգոր Կրուտոյը և այլք: Երեկոյի ավարտին բեմ բարձրացավ ինքը` Ալլա Պուգաչովան:
Հանդիսատեսը հոտնկայս և անվերջ ծափահարություններով դիմավորեց նրան: Պրիմադոննան ակնդիրների համար մի քանի երգ կատարեց: Պուգաչովան շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր աշխատել են իր հետ: Այնուհետև երեկոյի բոլոր մասնակիցները մեկ բեմում հանդես եկան անվանի երգչուհու հետ:
Պրիմադոննան իր երեկոն եզրափակեց «Миллион Алых Роз» երգով: «Շնորհակալություն ձեզ ձեր երկարամյա սիրո համար, շնորհակալություն իմ գործընկերներին, որոնք երկարացրին իմ երգերի կյանքը»,-եզրափակեց Պուգաչովան:



















