Լիտվան ռուս կատարողներին կարող է ներառել անցանկալի անձանց ցանկում
Լիտվայի վարչապետ Ալգիրդաս Բուտյավիչյուսը չի բացառել, որ ռուսական էստրադայի որոշ ներկայացուցիչներ կներառվեն երկրի անցանկալի անձանց ցանկում՝ ուկրաինական ճգնաժամի հետ կապված դիրքորոշման համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:
«Եվրամիության անդամ հանդիսացող Լիտվան պատժամիջոցների հարցը կհամաձայնեցնի ԵՄ այլ երկրների հետ և կողմ է պատժամիջոցների խստացմանը: Ինչ վերաբերում է կոնկրետ կատարողների ցանկում ներառելուն, ապա նման որոշում դեռ չկա, սակայն մենք չենք բացառում, որ ապագայում դա կքննարկվի՝ քարոզչության դեմ պայքարի շրջանակներում», -ասել է Լիտվայի վարչապետը:
Լիտվայի լիբերալ շարժման առաջնորդ Էլիգիուս Մասյուլիսը կարծում է, որ որոշ կատարողների մուտքը երկիր արգելելով հարցը չի լուծվի: Նրա խոսքով՝ ինքը երազում է, որ նման կատարողների համերգները Լիտվայում մի օր չեղյալ համարվեն՝ տոմսերի չվաճառվելու պատճառով:
Ավելի վաղ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչն արգելել էր ռուս էստրադային կատարողներ Օլեգ Գազմանովի, Իոսիֆ Կոբզոնի և Վալերիայի մուտքը երկիր:










