«Աէրոֆլոտ»-ը ռեկորդային փոխհատուցում է ստացել հարբած ուղևորից
Մոսկվայի քաղաքային դատարանը ռեկորդային՝ մոտ 1 մլն ռուբլու տուգանք է գանձել Տեներիֆե-Մոսկվա չվերթի ուղևոր Վլադիմիր Ռահիմովից՝ «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում հարբած վիճակում ծեծկռտուք կազմակերպելու համար, տեղեկացնում է Взгляд-ը:
Մինչ այս առավելագույն փոխհատուցումը, որն ստացել է «Աէրոֆլոտ»-ն ինքնաթիռում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով, 700 հազար ռուբլին էր: Նման փոխհատուցում տրամադրել էր Անդրեյ Կրիվորուչկոն, որը խուլիգանական արարք էր թույլ տվել Մոսկվա-Շանհայ ինքնաթիռում, և ինքնաթիռը ստիպված վայրէջք էր կատարել Նովոսիբիրսկի օդանավակայանում:
Ռահիմովի մասնակցությամբ միջադեպը տեղի է ունեցել 2012թ.-ի դեկտեմբերին: Նա նախ վիճաբանել է իր կնոջ, իսկ հետո իրեն հանգստացնել փորձող ուղևորների հետ:
Օդանավի անձնակազմը համարել էր, որ միջադեպը սպառնալիք է թռիչքի անվտանգությանն ու վերադարձել էր Տեներիֆե կղզի, որտեղ ՌԴ քաղաքացուն հանձնել էին տեղի իշխանություններին:
«Աէրոֆլոտում» այս դատական գործընթացն աննախադեպ են որակում: «Ամեն տարի մեր ընկերության ինքնաթիռներում հազարավոր դեպքեր են տեղի ունենում: Որպես կանոն՝ կարգը խախտողները 500 հազար ռուբլով են տուգանվում, և դատարան դիմում ենք միայն բացառիկ դեպքերում»,-ասել են ընկերությունից:










