Գրեթե 300,000 կանադացի ստորագրել է ԱՄՆ դեսպանին երկրից վտարելու պահանջով խնդրագիր
Կանադայի ավելի քան 285,000 բնակիչ ստորագրել է դաշնային խորհրդարանի Համայնքների պալատին ուղղված էլեկտրոնային խնդրագիր՝ կոչ անելով Օտտավայում ԱՄՆ դեսպան Փիթ Հուքսթրային հայտարարել պերսոնա նոն գրատա և հասնել նրա հետկանչին։ Տվյալները հրապարակվել են խորհրդարանի ստորին պալատի կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Փաստաթղթի հեղինակները կոչ են անում ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրել Հուքսթրայի կողմից Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պարբերական խախտումների վրա և ստուգում անցկացնել Կանադայի ներքին գործերին ամերիկյան միջամտության վերաբերյալ։ Փաստաթղթում նշվում է, որ Հուքսթրան Կանադայում 2025 թվականի նախընտրական քարոզարշավն անվանել է «հակաամերիկյան», նսեմացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Կանադան որպես «51-րդ նահանգ» միացնելու սպառնալիքների նշանակությունը, ինչպես նաև Օտտավային մեղադրել է ԱՄՆ ներքին քաղաքականությանը միջամտելու մեջ։
Ինչպես նշում է CTV News հեռուստաալիքը, Կանաչների կուսակցության պատգամավոր Էլիզաբեթ Մեյի նախաձեռնած դիմումի տակ ստորագրահավաքը շարունակվել է հուլիսի 21-ից նոյեմբերի 18-ը և զգալիորեն գերազանցել է փաստաթուղթը խորհրդարանում քննարկելու համար անհրաժեշտ 500 ստորագրության պարտադիր շեմը։ Այժմ Մեյը կկարողանա պաշտոնապես ներկայացնել խնդրագիրը Համայնքների պալատում, որից հետո Կանադայի դաշնային կառավարությունը պատասխան պատրաստելու համար կունենա 45 օրացուցային օր։
Նշենք, որ երկու երկրների հարաբերություններում արդեն մի քանի ամիս է՝ լարվածություն է աճում։ Սեպտեմբերին Կանադայի վարչապետ Մարկ Քարնին The New York Times թերթին հայտարարել էր, որ Օտտավան մեկ տարվա ընթացքում պատրաստվել է ԱՄՆ-ի հավանական ռազմական ներխուժմանը։ Հոկտեմբերին ամերիկյան դեսպանատունը կանադացի պաշտոնյաներին մեղադրել էր Կոնգրեսի ընտրություններին միջամտելու մեջ, ինչը կանադական կողմը հերքել էր։











