Ֆուտբոլիստը պահեստայինների նստարանից քարով հարվшծել է մրցավարի դեմքին և 8 տարով հեռացվել ֆուտբոլից

22:13 • 19.11.26

Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը խստագույն պատժամիջոց է կիրառել «Սյուդադ դե Յանցասա» ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջոն Միշել Պերլասա Սալասի նկատմամբ։ Նա 8 տարով՝ մինչև 2034 թվականի հոկտեմբերի 19-ը, զրկվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

Աղմկահարույց միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին՝ Էկվադորի երրորդ դիվիզիոնի՝ «Սյուդադ դե Յանցասա» – «Ռիո Ագուարիկո» հանդիպման վերջնամասում։ Խաղի 90+6-րդ րոպեին Պերլասան պահեստայինների նստարանից քար է նետել մրցավարի օգնական Լենին Ջովանի Օխեդա Նունյեսի ուղղությամբ։ Քարը դիպել է մրցավարի դեմքին, ինչի հետևանքով նա ընկել է խոտածածկին, իսկ հանդիպումն անմիջապես դադարեցվել է։

Մրցավարի ստացած վնասվածքներն այնքան ծանր են եղել, որ նա ենթարկվել է վիրահատության, իսկ բժիշկները նրան նշանակել են 60-օրյա վերականգնողական շրջան։

Կարգապահական հանձնաժողովը ֆուտբոլիստին մեղավոր է ճանաչել պաշտոնական անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։ Ավելին՝ ֆեդերացիան մտադիր է դիմել ՖԻՖԱ-ին՝ որակազրկումը համաշխարհային մակարդակով տարածելու խնդրանքով։ Նշենք, որ ֆուտբոլիստը դեռևս իրավունք ունի բողոքարկելու այս որոշումը վերաքննիչ ատյանում։

Չնայած նրան, որ «Սյուդադ դե Յանցասան» դեպքից անմիջապես հետո ներողություն էր խնդրել, դատապարտել բռնությունն ու հեռացրել խաղացողին թիմից, ակումբը նույնպես չի խուսափել պատժից։ Ֆեդերացիան ակումբին պատասխանատու է ճանաչել խաղացողի վարքագծի և անվտանգության կանոնները չպահպանելու համար։

«Սյուդադ դե Յանցասան» տուգանվել է 2 հազար դոլարով, պարտավորվել է վճարել տուժած մրցավարի բուժման ծախսերը (4 հազար երեք հարյուր դոլար), ինչպես նաև հաջորդ երեք տնային հանդիպումները կանցկացնի իր մարզադաշտից դուրս։

Աղբյուրը`ArmSport.am