Ագրարային համալսարանից ասում են՝ վիճահարույց տարածքում ՕԵԿ-ը շինարարություն է անում, ՕԵԿ-ից հերքում են

22:01 • 30.07.14

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության բաժինը մամուլի հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, թե ՀՀ Կառավարության կողմից անհատույց օգտագործման իրավունքով համալսարանին հանձնված շինության տանիքը «Օրինաց Երկիր» կուսակցության կողմից ապամոնտաժելու կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հուլիսի 7-ին և 21-ին կայացրել է որոշումներ՝ արգելելով «Օրինաց երկիր» կուսակցությանը՝ իրականացնել որևէ շինարարական աշխատանք, բացի համալսարանի ավտոտեխսպասարկման կայանի՝ իր կողմից քանդված տանիքի վերականգնումը:

 

«Սակայն ՕԵԿ-ը ո´չ միայն անտեսել է դատարանի որոշումը, այլ նաև՝ մի քանի օրվա ընթացքում, հիմնականում գիշերային ժամերին, վիճահարույց տարածքում կառուցել է շինություն` չունենալով նախագիծ և շինթույլտվություն: Համալսարանն այդ մասին իրազեկել է բոլոր պատկան մարմիններին, սակայն գործուն միջամտություն իրականացվել է միայն Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից, որը իրականցրել է օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ և կազմել արձանագրություն: Մյուս բոլոր պատկան մարմինների կողմից որևէ արդյունավետ միջամտություն չի իրականացվել:

 

Համալսարանի կոլեկտիվի և ուսանողության կողմից օրեցօր աճող վրդովմունքը կասեցնելու նպատակով ագրարային համալսարանի տնտեսական մասը ստիպված ձեռնարկում է միջոցառումներ ապօրինի շինարարությունը կանխելու և համալսարանի տարածքը ապօրինի զավթելու դեմ: Փաստորեն ագրարային համալսարանը նոր ուսումնական տարվան պատշաճ մակարդակով նախապատրաստվելու փոխարեն ամեն օր ստիպված զբաղվում է «Օրինաց Երկիր» կուսակցության ապօրինի քայլերը կանխելու գործընթացով»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Արթուր Միսակյանը, Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանելով վերոնշյալ հաղորդագրությունը, ասաց. «Նշված տարածքում ո´չ մի շինարարություն չի կատարվում, ով չի հավատում, կարող է գալ և տեսնել: Այստեղ ո´չ մի շինարարական աշխատանք չի իրականացվում»: