Արգենտինայում դատավորն ամուսնալուծվող զույգին պարտավորեցրել է «Փոքրիկ իշխանը» կարդալ իրենց երեխաների համար
Արգենտինայում դատավորն ապահարզանի համար դիմած զույգին պարտավորեցրել է դատարան գալ իրենց երեխաների հետ և նրանց համար ընթերցել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի աշխարհահռչակ ստեղծագործությունը՝ «Փոքրիկ իշխանը»:
«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ նման որոշում է կայացրել Ռոսարիո քաղաքի ընտանեկան հարցերով դատավոր Ռիկարդո Դուտոն:
Դատավորը համարել է, որ կտրականապես շփվել չցանկացող ամուսինների պահվածքից տուժում են նրանց երեխաները՝ 13 և 6 տարեկան տղաները, որոնցից մեկը մոր, մյուսը հոր հետ է ապրում բաժանումից հետո:
Երեխաների շահերը չստորադասելու համար դատավորը վճռել է, որ մեկ ամսվա ընթացքում ամեն շաբաթ զույգը պարտավոր է ներկայանալ դատարան և հատուկ աշխատակցի վերահսկողությամբ կատարել սահմանված ընթերցանությունը: Ինչպես նաև՝ կարդալ «Երեխայի իրավունքների կոնվենցիայի» տեքստը և իսպանացի փիլիսոփա Ֆերնանդո Սավատերի «Էթիկա Ամադորի համար» գործը:
Եթե ծնողներից որևէ մեկը չկատարի վճիռն ինքնակամ, ապա դատավորը կարող է ընթերցանության վայր նրան բերման ենթարկելու վճիռ կայացնել:










