Ջրային ռեսուրսների այսպիսի օգտագործումը 20 տարի հետո 20-30%-ով կավելացնի անապատացումը. բնապահպաններ

12:00 • 30.07.14

Արարատյան դաշտի արտեզյան ավազանների մակարդակի նվազումը հանգեցնում է անապատացման, և եթե ջրային ռեսուրսների օգտագործումը շարունակվի նույն տեմպերով, ինչպես այսօր է, մոտ քսան տարի հետո երկիրը լուրջ խնդիրների առաջ կկանգնի: Tert.am-ի հետ զրույցում նման մտահոգություն հայտնեցին բնապահպաններ Կարինե Դանիելյանը և Լևոն Գալստյանը:


Եթե ռեսուրսների օգտագործման ներկա տեմպերը շարունակվեն, որպես աշխարհագրագետ, Լևոն Գալստյանը գտնում է, որ մոտ քսան տարի հետո կլինեն շատ ավելի անապատացված հողեր, դրանց քանակը կարող է 20-30%-ով ավելանալ:


«Հետազոտություններ են կատարվել մոտ մեկ տարվա կտրվածքով, հստակ առաջարկներ են ներկայացվել, և եթե այդ առաջարկները չիրականացվեն և Արարատյան դաշտի ջրառը չպակասեցվի հատկապես ձկնաբուծարանների համար, լուրջ խնդիրներ ենք ունենալու հետագայում, չնայած արդեն իսկ ունենք: Եթե շարունակվելու է այդ արտեզյան ավազանների մակարդակի իջեցումը, բնականաբար, մարդիկ չեն կարողանալու ոռոգել իրենց հողատարածքները, որովհետև չի հերիքելու ջուրը, որպեսզի ոռոգում կատարեն»,- ասաց Լևոն Գալստյանը:


Վերջինիս խոսքով՝ Արարատյան դաշտն աշխարհագրորեն կիսաանապատային զոնա է, բնականաբար, տեղի կունենա անապատացում, ինչպես նաև հիշեցրեց, որ Հայաստանի 80 տոկոսը անապատացման վտանգի տակ է: Եվ եթե նշված պայմանները չիրականացվեն, միջոցներ չձեռնարկվեն դրա դեմ, ապա հողերի դեգրադացիան ավելի արագ տեմպեր կստանա, ավելի շատ աղակալած հողեր կլինեն Արարատյան դաշտում։


«Իսկ եթե տեղափոխվենք այլ շրջաններ, այս տեմպերով եթե ռեսուրսներն օգտագործենք, եթե դա էլ համադրվի ջերմաստիճանի բարձրացման հետ, բնականաբար, մեր խոցելի տարածքները շատ ավելի շատանալու են, որովհետև մենք անտառները մասսայաբար հատում ենք, իսկ անտառները ջրագոյացման հիմնական աղբյուրներից են, որովհետև եթե անտառ կա, ջրագոյացումը շատ ավելի շատ է լինում, իսկ այսօր այդ անտառը չկա: Անտառը նաև հողապաշտպան բնույթ ունի, իսկ այդ ամեն ինչը մենք վերացնում ենք»,– ասաց նա:


Մյուս կողմից Լևոն Գալստյանը նկատեց, որ Հայաստանի բոլոր գետերի վրա փոքր ՀԷԿ-եր են կառուցում, որով նույնպես մեծ հատվածներ ջրազրկում են և այդ տարածքի խոնավացումը նվազեցնում, և այդ տարածքները նույնպես կամաց-կամաց չորացման վտանգի տակ են հայտնվում։


«Այդպես 10, 20 շարունակվելու դեպքում այդ հողի միկրոկլիման փոխվում է և սկսվում անապատացումը: Իսկ նման ուսումնասիրություն չկա, թե դա ինչպես կազդի շրջակա միջավայրի էկոհամակարգի վրա, մինչդեռ պետք է լուրջ ուսումնասիրություն անել»,– ասաց նա:


Բնապահպանը համոզված է, որ եթե շտապ միջոցներ չձեռնարկվեն, երկիրը լուրջ վտանգի առաջ է կանգնելու. «Միջոցներ չեն ձեռնարկում նախորդ առաջարկներն իրականացնելու համար կամ հակափաստարկներ չեն բերում ու մի հատ էլ նոր խորհրդակցություն են հրավիրում, որ հասկանան, թե ինչ կարող են անել: Այդ մոտեցումով մենք շատ լուրջ խնդիրներ կունենանք: Կառավարությունը քայլեր չի ձեռնարկում այդ խնդիրները լուծելու համար, այլ նորից ինչ-որ անտեսանելի, անհասկանալի գործունեություն է սկսել: Այսօրվա դրությամբ ոչինչ չի արվում, միայն տեսական ինչ-որ բաներ են կատարվում»,-ասաց նա՝ շեշտելով, որ փնթի կառավարման պատճառով ամեն տարի միլիարդավոր խորանարդներով ջուր լցվում է հարևան երկրի ջրամբարներ:


Բնապահպան Կարինե Դանիելյանը ևս գտնում է, որ հողային շերտերի խոնավությունն առաջին հերթին արտեզյան ավազաններն են պահում, և այն իրավիճակը, որը ստեղծվել է հիմա Արարատյան դաշտում, շատ վտանգավոր է: Մի փոքր հատվածում, որտեղ ձկնաբուծարաններն են, այդտեղ ճահճացում է նկատվում, իսկ մնացած տարածքներում հենց անապատացման ռիսկերը շատ բարձր են:


«Անապատացման առումով պաշտոնական գնահատականները կան, որովհետև Հայաստանը միացել է Անապատացման դեմ պայքարի միջազգային կոնվենցիային, և զեկույցներ են հրապարակվում, որոնք բավականին մտահոգիչ են: Նախ իրավիճակը սրվում է կլիմայի փոփոխության հետ կապված, և այն խնդիրը, որը հիմա առաջացել է մեզ մոտ արտեզյան ավազանի հետ կապված, ամենասուր խնդիրն է այսօր ջրային ռեսուրսների կայուն կառավարման և անապատացման ռիսկի տեսանկյունից»,- ասաց Կարինե Դանիելյանը:


Վերջինս նույնպես արձանագրեց, որ միտումը, ցավոք սրտի, դեպի բացասական է գնում, բայց հույս հայտնեց, որ այդպես չի շարունակվի, իրավունք չունեն շարունակելու. «Տարիներ առաջ երբ ինքնաթիռով գալիս էինք Հայաստան, անցնում էինք Վրաստանով, որն ամբողջությամբ կանաչ էր, հետո Արարատյան դաշտով, որը նույնպես կանաչ էր, հիմա իրավիճակը խիստ փոխվել է: Անցնում ես՝ Վրաստանը կանաչ է, իսկ Արարատյան դաշտն ուղղակի տարածք է երևում, էս տեմպերով շարունակելը վտանգավոր է»:


Բնապահպանը հիշեցրեց նաև, որ անապատը միայն այն չէ, ինչ միանգամից մարդիկ պատկերացնում են, բայց երբ հողը կանաչ տարածք է կորցնում, դա անապատացման առաջին փուլն է, և հիմա Հայաստանը մեծ քայլերով գնում է դրան: Կանաչ տարածքները դառնում են անօգտագործելի, չես կարող այլևս գյուղատնտեսություն զարգացնել, չես կարող որևէ կերպ օգտագործել:

«Իսկ անապատը կարծես ինքնալայնացման հնարավորություն ունի: Քամին տաք ավազը բերում է կանաչ տարածքի վրա, այրում այն և դարձնում անապատ: Կարծես կենդանի մարմին լինի, որը տարածվում է»,- եզրափակեց Կարինե Դանիելյանը: