Այսօր Ընկերության միջազգային օրն է
Ընկերության միջազգային օրն օրացույցի ամենաերիտասարդ տոներից է: Այն նշվում է այսօր՝ հուլիսի 30-ին:
Տոնը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից՝ 2011թ.-ի ապրիլի 27-ին, գրում է calend.ru-ն:
Միավորված ազգերի կազմակերպությունն առաջարկել է պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններին տոնը նշել այս կամ այն երկրի մշակութային ավանդույթների համաձայն:
ՄԱԿ-ի բանաձևում հատկապես ընդգծվում է ընկերական հարաբերությունների հաստատման կարևորությունը տարբեր ազգերի միջև:
«Ընկերությունն ազգերի, երկրների, մշակույթների և անհատ անձանց միջև նպաստում է խաղաղության ապահովմանն ու հնարավորություն է տալիս կամուրջներ ստեղծել այն հանրությունների միջև, որոնք կարևորում են մշակութային բազմազանությունը»,-ասված է փաստաթղթում:
Հարկ է նշել, որ Ընկերության միջազգային օրը նման բնույթի միակ տոնը չէ. հունիսի 9-ին նշվում է Ընկերների միջազգային օրը:










