Ռուսաստանն արգելել է Լեհաստանից մրգերի և բանջարեղենի ներմուծումը
2014թվականի օգոստոսի 1-ից կարգելվի Լեհաստանից Ռուսաստան գրեթե ցանկացած տեսակի բանջարեղենի և մրգի ներմուծումը, գրում է lenta.ru-ն:
ՌԴ-ի անասնաբուժության և ֆիտոսանիտարիայի ոլորտում հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզոր» դաշնային ծառայության որոշումը կապված է Լեհաստանի կողմից սերտիֆիկացման պահանջները խախտելու, ինչպես նաև արտադրանքում կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ:
Ինչպես հայտարարել է «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի օգնական Ալեքսեյ Ալեքսեենկոն, խոսքը բոլոր տեսակի արտադրանքի մասին է, ներառյալ՝ խնձոր, տանձ, բալ և կաղամբ:
Լեհաստանից Ռուսաստան մրգերի, բանջարեղենի և հատապտղի ներմուծման արգելքի հնարավորության մասին «Ռոսսելխոզնադզոր»-ն առաջին անգամ հայտնել էր ապրիլին:
Լեհաստանից Ռուսաստան մատակարարվող մրգերի և բանջարեղենի ընդհանուր ծավալը տարեկան մոտ 1 միլիարդ եվրո է:
Հուլիսի 28-ին հայտնի է դարձել, որ «Ռոսսելխոզնադզոր»-ը մինչև այս շաբաթվա վերջ կարող է սահմանափակումներ մտցնել ողջ Եվրամիությունից Ռուսաստան մրգերի ներմուծման հարցում:










