Հանրային լողափերը քիչ են, մասնավորն էլ՝ թանկ ու կեղտոտ. կարծիքներ
Սևանա լճի հանրային լողափերի առկայությունն անգամ չի լուծում լճի ափերը սեփականաշնորհած կամ վարձակալած և գումարներ պահանջող «տերերից» խուսափելու խնդիրը։ Հատկապես հանգստյան օրերին Սևանում իրենց հանգիստը կազմակերպած մարդիկ այնքան շատ են, որ փոքր տարածք զբաղեցնող հանրային լողափերն ի վիճակի չեն բոլորին տեղավորել, և մարդիկ ստիպված գնում են մասնավոր լողափեր և վճարում պահանջվելիք գումարն ըստ առաջարկությունների՝ ուղղակի տարածք մուտք գործելու իրավունք՝ սկսած 1000 դրամից, տաղավար՝ սկսած 5000 դրամից, վագոն-տնակ՝ 10 000-ից 20 000 դրամ։ Վճարովի տարածքները, սակայն, աչքի չեն ընկնում մաքրությամբ և հենց վագոն-տնակների շուրջ թափված աղբակույտի մեջ կարելի է տեսնել կեր հայթայթող ճայերի և նրանցով հիացող մարդկանց։
Բնապահպան Սիլվա Ադամյանը Tert.am-ի հետ զրույցում այն պայմանավորեց սխալ կառավարմամբ և նկատեց, թե բոլոր երկրներում էլ կան և՛ հանրային, և՛ վճարովի լողափեր, բայց երկու տեղերում էլ չես տեսնի այն, ինչ մեզ մոտ է։ Նա սեփական օրինակը բերեց, երբ Ֆիլիպիններում վճարովի լողափ է այցելել ու զարմացել սպասարկումից ՝և՛ ցածր գներից, և՛ մաքրությունից։ «Գնացեք ոչ այդքան զարգացող երկիր՝ Ֆիլիպիններ և տեսեք իրենց վճարովի լողափերը ոնց են պահում, այսինքն՝ այնտեղ դու ոչինչ չես տեսնի, որը քեզ կհիշեցնի աղբի, կեղտի և այլ բաների մասին։ Եթե նրանք գումար են վերցնում, ուրեմն դա վերցնում եմ լավ սերվիսի համար ու գումարն էլ այդքան մեծ չէ, ինչքան մեզ մոտ։ Մեզ մոտ գումարներն ահավոր են»,- նշեց նա և խոսեց արդեն Սևանում առաջարկվող հանգստավայրերից։
«Նախ այդ մարդիկ, որ գալիս են, գումար են վերցնում, ինչի՞ հիման վրա են վերցնում, ո՞վքեր են իրենք, ո՞նց են սեփականաշնորհել, թե ամեն մարդ ինքնագլուխ վերցրել է տարածքն ու ինչ-որ մի մաս իրանով արել, որքա՞ն է պետությանը գումար վճարում, ոչ ոք դրանով չի զբաղվում, ի վերջո, Սևանը ազգային հարստություն է և այդպես մասնատել, տալ ինչ-որ անձերի... Պարզ է, որ այնտեղ կանգնում է միայն գումար հավաքելու, մարդկանցից փող շորթելու համար։ Եթե նույնիսկ պետք է լինեն նման լողափեր, ապա պետք է լինեն իդեալական վիճակում, որովհետև ի տարբերություն մեր քաղաքացիների, տուրիստները շատ են բողոքում, որ լողափերը վատ վիճակում են՝ կեղտոտ են, զուգարանները սարսափելի վիճակում են կամ ընդհանրապես չկան, աղբը նորմալ չի հավաքվում, ավազի մեջ ինչ զիբիլ ասես կա, սա նորմալ չի, և կառավարման խնդիր է, որ պատկան մարմինները, որոնք պետք է զբաղվեն այդ խնդրով, ուղղակի չեն զբաղում»,- ներկայացրեց նա։
Սիլվա Ադամյանը շատ հեռու չգնաց և օրինակ բերեց Բաթումի լողափերը, որտեղ ափերը առանձին-առանձին չեն ցանկապատել ու մարդկանց ձայնը կտրելու համար մի քանի մետր հանրային լողափերի համար տարածք հատկացրել. «Տեսեք ինչ մաքրություն է տիրում լողափերում, ինչպիսի սերվիս կա, հետն էլ էժան, որը չես համեմատի հայաստանյան սերվիսի հետ։ Սրանք սերվիսը հասկանում են շքեղ, մարմարից ռեստորաններ, սրճարաններ ու հյուրանոցներ։ Ո՞վ ասաց իրենք պետք է հարց լուծեն, իրենք մեր ծառաներն են և պետք է ժողովրդին ծառայեն, իսկ թե ժողովուրդը դա երբ պետք է հասկանա, ես չգիտեմ»,- ասաց նա։
Բնապահպանն այս խնդրում հասարակության բաժին մեղքն է տեսնում, որ գնում են վճարում աղբի մեջ հանգստանալու համար և չեն էլ բողոքում։ «Օրինակ մենք 10 հոգի ենք, և փորձում ենք ինչ-որ բան փոխել՝ նամակներ ենք գնում, բողոքում ենք, բայց դա ոչինչ է, երբ ժողովուրդը պահանջատեր չէ։ Տեսե՛ք, այդ կեղտոտ պայմաններով հանդերձ գնում են այդ լողափեր ու վճարում դրա համար, բայց փորձեք մեկն ու մեկին խոսեցնել այնտեղ, ասեք՝ լավ չի՞ չէ, չե՞ք ուզում բողոքել, որ լողափերն այս վիճակում են կամ որ 20 000 դրամ ես տալիս ու այս վիճակում հանգստանում, կասեն՝ չէ, չէ, չէ, ես գործ չունեմ շառից-փորձանքից հեռու»,- նշեց նա և ավելացրեց, որ հենց դրանից էլ պատկան մարմիններն էլ առիթից օգտվում են։
Սևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը Tert.am-ի հետ զրույցում համաձայնեց, վիճակը լավերից չէ տուրիզմ զարգացելու համար, բայց քայլեր ձեռնարկում են, որը մինչև մյուս տարի արդյունք կտա։ «Տուրիզմը զարգացնելու և վիճակը շտկելու համար հատուկ ծրագիր է պետք և այդ ծրագիրն իրենից պահանջում է ֆինանսական բաղադրիչ։ Երբ որ ասում են տուրիզմ զարգացնելու ծրագիր է կազմվել, դրանք հիմնականում դեկլարատիվ են, և իմացե՛ք, որ դրանով տուրիզմ չեն զարգացնում։ Ես առաջարկություններ եմ ներկայացրել Կառավարություն, որպեսզի ունենանք նորմալ հատակագիծ, նորմալ բարեկարգման ծրագիր, դրա տակ ունենանք ֆինանսական միջոցներ, հակառակ դեպքում՝ ամեն տարի է՛լ ավելի կվատանա սպասարկման վիճակը»,- նշեց նա։
Քաղաքապետը նկատեց, թե ամբողջ աշխարհում, երբ մասնավոր լողափերն աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ ու մաքրությամբ Հայաստանում ճիշտ հակառակն է՝ հանրային լողափերն ավելի մաքուր են։ «Ամբողջ աշխարհում հիմա մասնավոր լողափերն ավելի լավ վիճակում են, քան հանրային սեկտորի մոտ է, բայց մեզ մոտ կառուցած հանրային լողափերը մի քանի անգամ ավելի լավ է սպասարկվում, քան մասնավոր լողափերում»,- ասաց նա և նշեց, թե դրա համար էլ ինքը առաջարկություն է ներկայացրել Կառավարությանը և փորձելու են լուծել այդ խնդիրը։
«Մասնավորապես մասնավոր սեկտորին պետք է ասել, որ այ եթե դու այս պահանջներին չես համապատասխանում, ուրեմն քո փոխարենը մեկ այլ մարդ կսպասարկի։ Մենք պետք է մշակենք, թե ինչ ենք ուզում, որ այդ մարդն էլ կարողանա անել, հակառակ դեպքում՝ ամեն մեկն իր ուզած ձևով աշխատում է՝ մեկը պարսկական երաժշտություն է միացնում, մեկը՝ քյաբաբ է անում, դե մեր հայերի բնավորությունն է։ Ես դիտողությունն ընդունում եմ, ճիշտ եք ասում, բայց իմ եկած առաջին իսկ օրվանից (2012թ-ի սեպտեմբերից) հարցադրումներն արել եմ Կառավարությանը, որ մշակենք նորմալ զարգացման ծրագիր, որը վերահսկողության տակ դրվեն լողափերը»,- ասաց նա։
Քաղաքապետից փորձեցինք պարզել, թե արդյոք իրենք տեղյակ են, ովքեր են այդ մարդիկ, որոնք գումար են պահանջում և արդյոք այդ պահանջվող գումարներն օրինական են։ «Ցավով պետք է արձանագրենք, բայց այդ մասնավորեցրած տարածքների համար անձը գումար է վճարում ամբողջ տարվա համար, բայց օգտագործում է 45 օր։ Այդ 45 օրվա ընթացքում շահագործում են, որ կարողանան ծախսերը մի կերպ ծածկել»,-ասաց նա։
Ղուկասյանը հավատացրեց, որ և՛ իրենք, և՛տարածքները վարձակալության հանձող Սևան ազգային պարկը տեղյակ են, թե ում են հանձնում լողափը, քանի տարի ժամկետով. «Ուղղակի ժամանակի ընթացում այնքան բացթողումներ են եղել, որ ամեն ինչը դնել օրենքի դաշտում, այդքան հեշտ չէ, հույս ունեմ, որ մինչև տարվա վերջ կարող ենք առաջարկությունների ծրագիրը հաստատել և դրանով աշխատել»։
Ինչ վերաբերում է գումարների օրինական լինելուն, ապա քաղաքապետը պնդեց, թե իհարկե օրինական են։ «Ո՛չ, ի՞նչ անօրինական, դրանով են վարձավճարները վճարում»,-ասաց նա, չկարողանալով սակայն նշել, թե ինչքան գումար է սահմանված տարածքների վարձակալության համար։ «Տարբեր տարածքների համար տարբեր գներ են, չեմ կարող հիմա ասել»,- նշեց նա։










