Անջատողականներն ականապատել են կործանված Boeing-ի շրջակայքը. Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդ

16:00 • 30.07.14

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Տորեզ քաղաքի մոտ մալայզիական Boeing-777 օդանավի ընկնելու վայրում անջատողականները մարտական դիրքեր են պատրաստել: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի խոսնակ Անդրեյ Լիսենկոն, գրում է korrespondent.net-ը:

 

«Նրանք այնտեղ կենտրոնացրել են մեծ քանակությամբ ծանր հրետանի և ականապատել են այդ տարածք տանող ճանապարհները: Դա անհնարին է դարձնում միջազգային փորձագետների աշխատանքը, ովքեր փորձում են անցնել աշխատանքի և պարզել Boeing-777-ի ընկնելու պատճառները»,- Լիսենկոյի խոսքերն է մեջբերում Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի մամուլի կենտրոնը:

 

Ավելի վաղ korrespondent.net-ը հայտնել էր, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում հայտարարել են մալայզիական ինքնաթիռի ընկնելու վայրում ԵԱՀԿ-ի առաքելության աշխատանքն արգելելու մտադրության մասին:

 

Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է հուլիսի 17-ին, զոհվել է 298 մարդ։