Պարզ է դարձել, թե ինչու է Փսակին ճեպազրույցի գնացել «մեկ կոշիկով»

16:59 • 30.07.14

BBC-ի ռուսական ծառայությունը գրում է, որ ռուսական ԶԼՄ-ներն ակտիվ տարածում են նորությունն այն մասին, որ ամերիկյան Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջեն Փսակին ճեպազրույցի է գնացել մեկ կոշիկով՝ որպես ապացույց բերելով գերատեսչության կայքում տեղադրված տեսանյութը։

 

«Տեսանյութում, որը տեղադրված է Պետդեպի կայքում, երևում է, որ նրա ձախ ոտքին սև կոշիկ է, իսկ աջը ոտաբոբիկ է»,- գրում է Russia Today-ը:

 

Շատերը նշել են, որ ներկա գտնվող «լրագրողների մոտ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարի արտաքին տեսքը հարցեր չի առաջացրել»:

 

Սակայն դիտելով մեկ օր առաջ անցկացված ճեպազրույցի ձայնագրությունը՝ լրագրողների անվրդովությունը հասկանալի է դառնում:

 

Հուլիսի 28-ին Պետդեպի ներկայացուցիչը բացատրել է, որ վնասել է ոտքը և այդ իսկ պատճառով ստիպված է լինելու քայլել հատուկ բժշկական կոշիկով (որը հավանաբար կրում են հոդն ամրացնելու համար): Այդ ժամանակ նա ճեպազրույցի էր գնացել տաբատով, հավանաբար այդ պատճառով է այդ փաստը մնացել աննկատ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։