ԱՄՆ պետդեպի կրոնական ազատության մասին զեկույցը օբյեկտիվ չէ. կարծիքներ
ԱՄՆ պետդեպարտամենտի Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով բյուրոն հրապարակել է աշխարհի տարբեր երկրներում կրոնական ազատության մասին 2013թ. զեկույցը, որում նշվում է, որ Հայաստանում կրոնական փոքրամասնությունները խտրական վերաբերմունքի են արժանանում:
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը Tert.am-ի հետ զրույցում չհամաձայնեց զեկույցում նշված գնահատականների հետ: «Կրոնական կազմակերպությունները պարտավոր են իրենք իրենց հավատամքը պահել ու պահպանել, և ոչ թե այստեղ հոգեորսություն իրականացնել: Ոչ մեկ իրենց չի խոչընդոտում պահել իրենց պաշտամունքը: Միայն որոշ անձիք, շրջանակներ, խմբեր, որոնք շահագրգռված են Հայաստանի ապակայունացմամբ և հայ ժողովրդի ներքին պառակտմամբ, նրանք կարող էին նման հայտարարություն անել, որովհետև այն, ինչ ասված է՝ իրականությանը բացարձակապես չի համապատասխանում»,- ասաց նա:
Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը նշեց, թե կասկած չունի, որ կրոնական կազմակերպություններին էլ ավելի շատ արտոնություններ տալը սպառնում է ազգային անվտանգությանը: «Կան այսպես կոչված՝ կրոնական փոքրամասնություններ, որոնց քարոզչության հիմնական նպատակը պետական կառույցի պառակտումն է: Օրինակ՝ այն, որ երիտասարդներին կոչ է արվում չծառայել բանակում, զենք չվերցնել, չպաշտպանել հայրենիքի սահմանները, սա սպառնում է հայ պետականությանը»,-նշեց նա:
Ինչ վերաբերում է Հայ առաքելական եկեղեցուն տրված արտոնություններին Կոմիտաս Վարդապետ Հովնանյանն ասաց.«Հայ առաքելական եկեղեցին առանձնապես արտոնություններ չունի: Այն պարզապես հետևում է, որպեսզի Հայ եկեղեցու պատմությանը վերաբերող հրատարակությունների մեջ սխալ տվյալներ չլինեն: Ինձ ցույց տվեք գոնե մի հոգևորական, որ դասավանդում է պետական դպրոցներում: Հայ եկեղեցու պատմությունը դասավանդվում է դպրոցում, ո՛չ թե հոգևորականների, այլ աշխարհականների կողմից»:
Ըստ նրա՝ նման զեկույց հրապարակող երկրներն իրենց շահն են պաշտպանում, իսկ մեր երկիրը մեր շահը պետք է պաշտպանի: «Չպետք է թույլ տալ, որ ամեն մեկը շահարկի խղճի, խոսքի ազատություն հասկացողությունները՝ այլանդակելով դրանց իմաստը, որովհետև խղճի ազատությունը նշանակում է անհատի ազատություն, բայց ոչ բռնանալ այլոց վրա և ինչ-ինչ ճնշումներով պարտադրել ինչ-որ հավատամք, որի հետևորդը չէ այդ ազգը»:
«Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը համոզված է, որ ազգային անվտանգությանը սպառնալիք է կրոնական կազմակերպություններին արտոնություններ տալը, քանի որ այստեղ կրոնական կառույցը դարձել է պետություն պետության մեջ և ոչ մեկի կողմից չի վերահսկվում:
«Այն բոլոր տվյալները, որոնք տպում է պետդեպարտամենտը զեկույցի մեջ, դա տրամադրվում է տեղական իրավապաշտպան մարմինների կողմից, որոնք գրանտակերության նպատակով ոչ օբյեկտիվ տեղեկատվություն են տրամադրում: ՀՀ-ի պես հանդուրժողական պետություն չկա, որտեղ կրոնական կառույցները ոչ մի օրենքով չեն սահմանափակվում»,- ասաց նա:
Ալեքսանդր Ամարյանը նշեց, որ ոչ թե Հայաստանում կան սահմանափակումներ, այլ դրանք կան եվրոպական երկրներում: Նա նշեց, որ բոլոր երկրներում էլ ազգային եկեղեցուն արտոնություններ ունի: «Բոլորը սկսել են կրոնական կազմակերպություններին աջակցել, և դրանից հետո ասել, որ անհանդուրժողականություն կա, դա բլեֆ է»,- ասաց նա և ավելացրեց, որ այդ զեկույցով փորձում են քաղաքական ոլորտում ճնշում իրականացնել մեր իշխանությունների վրա:
Հայաստանի եզդիական համայնքի ղեկավար Ազիզ Թամոյանը՝ որպես համայնքի նախագահ, Tert.am-ի զրույցում հայտարարեց, որ կրոնական կազմակերպությունների՝ մասնավորապես իրենց նկատմամբ՝ որպես ազգային և կրոնական փոքրամասնություն, խտրական վերաբերմունք Հայաստանում գոյություն չունի: «Մենք շատ ազատ ենք, մեր ազգային տոները, ավանդույթները պահպանելուն ոչ մեկ չի խանգարում, ընդհակառակը մենք այստեղ դպրոցներ ունենք: Աշխարհում մեր մշակույթը Հայաստանով է զարգանում»,- ասաց նա և ավելացրեց, որ Հայ առաքելական եկեղեցին հարգում է իրենց ավանդույթները :
«Թող այսօր Ամերիկան մտածի Իրաքի հյուսիսային մասում եզդիների, ասորիների ոչնչացման մասին, թող իրենք մտածեն այնտեղի եզդիներին կրոնափոխ չանեն, որովհետև մուսուլմանների կողմից ֆիզիկապես վերանում են»,- ասաց Ազիզ Թամոյանը:
Հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյանը, ևս չհամաձայնեց, որ
Հայաստանում կրոնական-ազգային փոքրամասնությունները ենթարկվում են խտրականության:
«Հիշո՞ւմ եք՝ մոտ մեկ ամիս առաջ Անտիդեֆամացիոն լիգայի զեկույցը հրապարակվեց, որով, իբրև, Հայաստանում հրեական համայնքի շրջանում հարցում էր արվել և դրա համաձայն՝ Հայաստանում մեր համայնքի նկատմամբ կա խտրականություն: Ես բացարձակեպես մերժել եմ այդ հաղորդագրությունները՝ ողջ հրեական համայնքի անունից: Եվ ես հեղինակին, որը Ադրբեջանում ծնված հրեա է, շատ կոշտ պատասխանել եմ: Ու ստացել եմ մի շատ կոպիտ, անգամ՝ անպատշաճ ու վիրավորանքներ պարունակող պատասխան՝ ուղղված ոչ միայն իմ անձին, այլև՝ մեր համայնքին: Եվ որոշել եմ, որ հետայսու նման նամակներին չեմ պատասխանելու, որպեսզի ձնագնդի էֆեկտ չլինի, բայց նաև ուզում եմ նշել, որ հայկական կողմը հանդես չեկավ ի պաշտպանություն ինձ»,- ասաց տիկին Վարժապետյանը:
Ի պատասխան հարցին, թե իրեն անհանգստացնո՞ւմ է Հայ առաքելական եկեղեցուն տրված արտոնությունները, ինչի մասին ևս նշված է զեկույցում, Ռիմա Վարժապետյանը ասաց.« Հայ առաքելական եկեղեցին մշտապես ցույց է տվել, որ շատ տոլերանտ է և առաջադեմ է»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ճիշտ հակառակն է կարծում և գտնում է, որ ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցը օբյեկտիվ է: Նա նշեց, որ զեկույցում իր համար միակ նորությունն այն էր, որ կրոնական կազմակերպություններին արգելվում է հազարից ավելի տպաքանակով գիրք հրատարակել, ինչը ճշտելու անհրաժեշտություն ունի:
«Իսկապես Հայաստանում բավականին լուրջ հարց է կրոնական հանդուրժողականությունը, որովհետև լրատվամիջոցներով միակողմանի հակաքարոզչություն է գնում կրոնական այդ կազմակերպությունների դեմ, միշտ միակողմանի և սուտ լուրեր, զրպարտանքներ են տարածվում կրոնական կազմակերպությունների մասին: Հանրակրթական դպրոցներում հայ եկեղեցու պատմություն անվան տակ իրականացվում է հակաքարոզչություն այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ, և Հայ առաքելական եկեղեցու քարոզչություն: Այդ ուսումը ստացած երեխաների մոտ ձևավորվում է առավել անհանդուրժողականություն այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ»,- կարծում է նա:
Հարցին, թե նորմալ չէ՞, որ Հայ առաքելական եկեղեցին, ի տարբերություն այլ կրոնական կազմակերպությունների, ունի արտոնություններ, Ավետիք Իշխանյանը պատասխանեց.«Միջազգային չափանիշներով դրված է, որ արտոնություններ կարելի է տալ որևէ եկեղեցու, սակայն դա չպետք է հանգեցնի խտրական վերաբերմունքի այլ կրոնական կազմակերպությունների նկատմամբ: Իրականում մեզ մոտ այդ արտոնությունների չափից շատ են տրված և օրենքով էլ մենաշնորհ է տրված Առաքելական եկեղեցու նկատմամբ»:
Ի պատասխան հարցի, թե կրոնական կազմակերպությունների գործունեության համար ավելի լայն դաշտ բացելը չի սպառնա ազգային անվտանգությանը, Ավետիք Իշխանյանն ասաց, որ կարող է հակառակն ասել, որ կրոնական անհանդուրժողականությունը «իսկապես սպառնում է Հայաստանի անվտանգությանը, որովհետև դա կրոնական հիմքով պառակտում է ազգին»:
«Այլ կրոնական կազմակերպության ներկայացուցիչներ Հայաստանում ճնշված են և իրենց լիարժեք քաղաքացի չեն զգում: Սա իսկապես ազգային անվտանգությանը սպառնացող երևույթ է, որովհետև նույնացնել հային Հայ առաքելական եկեղեցու հետ, դա պառակտում է ազգին»,– ասաց նա:










