Ավստրալիան օգոստոսի 7-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ մալայզիական ինքնաթիռի զոհված ուղևորների
Ի հիշատակ Ուկրաինայի արևելքում հուլիսի 17-ին կործանված Boeing 777 մալայզիական ինքնաթիռի զոհերի՝ Ավստրալիայում օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր, հայտնում է երկրի վարչապետ Թոնի Էբոթի պաշտոնական կայքը, փոխանցում է РИА Новости-ն։
Այդ օրը երկրի բոլոր կառավարական հաստատություններում, ինչպես նաև արտերկրում Ավստրալիայի բոլոր դիվանագիտական հաստատություններում կիջեցվեն պետական դրոշները։ Հաղորդվում է նաև, որ այդ օրը Մելբուրնում Սուրբ Պատրիկի տաճարում կմատուցվի պատարագ։
Այդ պատարագը կոչված է հարգելու զոհերի հիշատակը և աջակցելու նրանց, ովքեր կորցրել են իրենց հարազատներին։
«Մենք սգում ենք բոլոր 298 զոհերի համար, սակայն առավել շատ՝ 38 տղամարդկանց, կանանց և երեխաների համար, որոնց համար Ավստրալիան հայրենի տուն էր։ Մենք ցավակցում ենք զոհերի ընտանիքներին և աջակցություն կցուցաբերենք այս դժվարին ժամանակաշրջանում։ Մենք միասնական ենք մեր վշտի և որոշման մեջ՝ անել այնպես, որ արդարություն հաստատվի»,- նշված է հաղորդագրությունում։










