Բրիտանացի պատգամավորներ. ՆԱՏՕ-ում պատրաստ չեն Ռուսաստանի հարձակմանը
Հյուսիսատլանտյան դաշինքը վատ է պատրաստված Ռուսաստանի կողմից անդամ-պետություններից մեկի վրա հարձակմանը, իրենց զեկույցում նախազգուշացրել են բրիտանացի ազդեցիկ պատգամավորները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Համայնքների պալատի պաշտպանության հարցերով հանձնաժողովը հայտնել է, որ Ուկրաինայի կոնֆլիկտը ցույց է տվել սպառնալիքներին դիմադրելու ՆԱՏՕ-ի պատրաստության մեջ «լուրջ թերությունների» առկայությունը, պատգամավորները նաև նշում են «արմատական բարեփոխումներ» անցկացնելու անհրաժեշտությունը:
Բրիտանացի պատգամավորների խոսքերով՝ Ռուսաստանի կողմից սովորական հարձակման վտանգը մեծ չէ, սակայն գոյություն ունի կիբերհարձակումների, տեղեկատվական պատերազմի և ոչ կանոնավոր ապստամբների օգտագործման սպառնալիք:
Զեկույցի հեղինակների առաջարկած փոփոխությունների մեջ է ՆԱՏՕ-ի զորքերի և ռազմական տեխնիկայի մշտական ներկայության հաստատումը Բալթյան երկրներում, արագ արձագանքման գոյություն ունեցող ուժերի լավացում, լայնամասշտաբ զորավարժություններ դաշինքի բոլոր անդամ-երկրների ռազմական և քաղաքական առաջնորդների մասնակցությամբ:
ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ դաշինքում ուսումնասիրում են բրիտանացի պատգամավորների զեկույցը:










