Ապշեցուցիչ լուսանկարները ցույց են տալիս Չինաստանում ջրի աղտոտվածության մակարդակը. Business insider
Չինաստանում վերջին տարիներին ավելացել է աղտոտվածության մակարդակը: Ամիսներ շարունակ Չինաստանի մի շարք քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակն ամենաբարձրն էր, իսկ վերջերս էլ ավելի արտառոց դեպք էր տեղի ունեցել, երբ Վենչժոու քաղաքում բնակելի տներին մոտ գտնվող գետերից մեկը մի քանի ժամում ներկվել էր արյան կարմիրով:
Ինչպես գրում է Business insider-ը՝ քաղաքի իշխանությունները դեռևս փորձում են պարզել գետի ջրի գունափոխման պատճառը, սակայն Վենչժոուի գետը ջրի աղտոտվածության մեկ օրինակն է միայն, որը տեղի է ունեցել Չինաստանում վերջին տարիներին:
Չինաստանի արդիականացման և ենթակառուցվածքների արագ զարգացմանը զուգահեռ ջրի պահանջը ևս աճել է: Մինչ վերջին ժամանակները կառավարությունը կանոնավոր կերպով վերահսկողություն չի իրականացրել ջրային ռեսուրսների նկատմամբ:
Օդի և ջրի աղտոտվածությունը հեռահար ազդեցություններ կարող է ունենալ, որի վառ օրինակներից է Վուհան լճում սատկած ձկների վտառը: Անցյալ տարի 16000 սատկած խոզ է հայտնաբերվել Շանհայի գետերից մեկում:
Չինաստանի տնտեսությունը երկրորդ ամենախոշորն է աշխարհում, և այն դեռ շարունակում է աճել: Անցյալ տարի կառավարությունը 2 տրիլիոն յուան է հատկացրել ջրի պաշտպանությանը երկրի տարածքում: Ներկայացված զեկույցի համաձայն՝ Չինաստանի ստորգետնյա ջրի պաշարների 90 տոկոսը աղտոտված է, գետերի և լճերի 70 տոկոսը ևս աղտոտված վիճակում է գտնվում:






















