Հեֆերնն անդրադարձել է Հայաստանի մասով ԱՄՆ պետդեպի՝ կրոնական ազատության վերաբերյալ զեկույցին

14:49 • 31.07.14

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնն անդրադարձել է Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի՝ օրերս հրապարակած զեկույցին, որը վերաբերում է աշխարհում կրոնական ազատության թեմային։

 

Դիվանագետն ընդգծել է, որ կրոնական ազատության իրավունքը համաշխարհային արժեք է, որը պաշտպանվում է միջազգային օրենքի մակարդակով։ Ըստ նրա՝ քաղաքացու կրոնական ազատության իրավունքի պահպանումը հասարակության կայունության երաշխիքներից է և ամուր հիմք ժողովրդավարության կառուցման համար։

 

Անդրադառնալով զեկույցի՝ Հայաստանին վերաբերող մասին՝ Հեֆերնը նշում է, որ մեր երկրում գրանցված կրոնական կազմակերպությունների մեծ մասը շարունակում է խտրական վերաբերմունքի թիրախում մնալ։ Նա նաև հիշեցնում է, որ 2013թ. մայիսին խորհրդարանը որոշ փոփոխություններ է կատարել այլընտրանքային ծառայության մասին օրենքում, որով կրճատվել է այլընտրանքային ծառայության ժամկետը, և կալանավայրերից ազատ են արձակվել իրենց կրոնական համոզմունքների պատճառով զինվորական ծառայությունից հրաժարված մարդիկ։

 

Նա նշում է, որ Հայաստանում գերակա դիրք է շարունակում զբաղեցնել Հայ առաքելական եկեղեցին, որի պատմության վերաբերյալ դասընթացները ներառվել են հայկական դպրոցների հիմնական ուսումնական ծրագրում։ Հեֆերնի խոսքով՝ այդ դասընթացները պարտադիր են բոլոր աշակերտների համար՝ անգամ նրանց, ովքեր այլ կրոնական ուղղության ներկայացուցիչ են։

 

Այնուհետ նա կրկնում է զեկույցում նշված այն տեսակետները, ըստ որոնց թեև ՀՀ սահմանադրությունը պաշտպանում է քաղաքացու կրոնական ազատությունը, այնուհանդերձ որոշ օրենքներ սահմանափակում են այն։ Հեֆերնը հավելել է, որ 2013թ. արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ կրոնական փոքրամասնությունները խոչընդոտների են բախվել երկրպագության վայրեր կառուցելու հարցում, իսկ կրոնական փոքրամասնությունները ներկայացնող երեխաների դեմ դպրոցներում խտրական վերաբերմունք է կիրառվել։

 

Դեսպանն իր ելույթը եզրափակել է՝ նշելով, որ  այնուհանդերձ նախորդ տարվա զեկույցի համեմատ Հայաստանը կրոնական ազատության ոլորտում առաջընթաց է արձանագրել։ Նա նաև հույս է հայտնել, որ այս միտումն ապագայում շարունակական կլինի։